Ակնեն բավական տարածված խնդիր է, որն ուղեկցվում է վերնամաշկի բորբոքմամբ։ Պաթոլոգիական պրոցեսում ներգրավվում են նաև մազերի ֆոլիկուլներն ու ճարպագեղձերը։
Fabiosa.com-ը ներկայացրել է ակնեի ամենատարածված պատճառներն ու դրանից ազատվելու տարբերակներ։
Հորմոնալ խանգարումներ
Հենց հորմոնալ խախտումներն են մեջքին բշտիկների առաջացման ամենատարածված պատճառը։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ այս խնդիրն առավել հաճախ է հանդիպում դեռահասների, ինչպես նաև դաշտանի և հղիության ընթացքում գտնվող կանանց շրջանում։ Տեստոստերոնը հիմնական հորմոններից է, որը բշտիկների առաջացման պատճառ է դառնում։
Կոսմետիկ միջոցներ
Սրանց շարքին կարելի է դասել տոնային և արևապաշտպան կրեմները, դիմափոշիները, կոնդիցիոներները, յուղերը և այլ միջոցներ։ Բոլոր կոսմետիկ միջոցները, որոնք լանոլին և պարաֆին են պարունակում, կարող են ակնեի առաջացման պատճառ դառնալ։
Կիպ հագուստ։ Շատ կիպ, սեղմող հագուստ կրելը (հատկապես մարզվելու ընթացքում, երբ մեծ քանակով քրտինք է արտադրվում) խոչընդոտում է մաշկային ճարպի նորմալ արտազատմանը։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ծակոտիների փակման և մազերի ֆոլիկուլների բորբոքման համար։
Դեղամիջոցներ
Դեղամիջոցները, որոնք պարունակում են յոդ, բրոմ, քլոր, ֆտոր, կարող են բշտիկների առաջացման պատճառ դառնալ։
Գենետիկ նախատրամադրվածություն
Ցավոք, ծնողներից ժառանգում ենք ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական երևույթներ։ Եթե մտերիմները դեռ մանուկ հասակից նման խնդիր են ունեցել, մեծ է հավանականությունը, որ այն կանհանգստացնի նաև ձեզ։
Սթրես
Սթրեսը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության։ Խոսքն այն հորմոնների մասին է, որոնք արտադրվում են մակերիկամների կողմից։ Սա մեծապես նպաստում է բշտիկների առաջացմանը։
Ինչպես ազատվել բշտիկներից
- Լոգանք ընդունելիս լավ լվացեք մեջքը։ Փորձեք մաշկը շերտազատող սկրաբ օգտագործել՝ կեղտը, ճարպը, մեռած բջիջները մաշկից հեռացնելու համար։
- Ազատ հագուստ կրեք։ Մաշկին շնչելու հնարավորություն տվեք։
- Հորմոնալ դեղամիջոցներ ընդունեք միայն և միայն բժշկի նշանակմամբ։
- Օգտագործեք նվազագույն քանակով յուղ պարունակող կոսմետիկ միջոցներ։
- Ճիշտ սնվեք։ Անառողջ սնունդը ևս կարող է ակնեի պատճառ դառնալ։ Ակնեի առաջացմանը նպաստում է բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը՝ քաղցրավենիք, ֆասթ-ֆուդ, կարտոֆիլ, սպիտակ հաց, պաստա։ Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր, հատիկավորներ, լոբազգիներ, մեծ քանակով սպիտակուցներ պարունակող մթերք։
Եթե կարճ ժամանակահատվածում չի հաջողվում ազատվել այս խնդրից, դիմեք մաշկաբանի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը