Ելենա Վարդանյանը 2018 թվականի փետրվարին առաջին անգամ կմայրանա։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հղիության 6-րդ ամսում է և նոյեմբերից ժամանակավոր արձակուրդում է.«Հաճույքով հանգստանում եմ, զբաղվում ինձնով ու իմ ընտանիքով։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի և մայիսից նորից բեմ կբարձրանամ»։
Ելենան պարզել է երեխայի սեռը՝ առաջնեկը տղա կլինի. «Ինձ համար իսկապես տարբերություն չկար, կարևորը՝ առողջ երեխա ծնվի։ Սպասված երեխա է, շատ ուրախ եմ, որ մայրանալու եմ»։
Բարի լուրը նա առաջին հերթին հայտնել է ամուսնուն, այնուհետև իր մայրիկին ու քրոջը՝ Միլենային. «Երջանկությամբ ընդունեցին նորությունը: Մեր ընտանիքի համար կարևոր իրադարձություն է։ Հիմա փորձում եմ օրակարգս փոխել, ազատ ժամանակ ունեմ զբաղվելու այն ամենով, ինչը նախկինում չէի հասցնում։ Կարդում եմ մոր և մանկան նվիրված գրականություն, նաև իմ սիրելի ռուս հեղինակներին՝ Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ»։
Ելենան ապագա երեխայի համար գնումներ դեռ չի անում, բայց այլ զգացողությամբ է պատրաստվում Ամանորին. «Մեր տոնածառին, հավանաբար, կհայտնվեն մանկական խաղալիքներ։ Չեմ կարող ասել, որ հատուկ պատրաստվում եմ Նոր տարվան, բայց լավ տրամադրությամբ եմ դիմավորելու 2018 թվականը»։