Երեխաներին մեքենայով դպրոց տանելը վատ գաղափար է, պնդում է Սաութհեմփթոնի համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Հոլգեյթը։ Նրա խոսքով՝ մեքենայի հետևի նստատեղին թունավոր միացությունների ազդեցությունը կարող է 3 անգամ ավելի մեծ լինել։ Բացի այդ, երեխաները, որոնց մեքենայով են դպրոց տանում, զրկվում են հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից և ենթարկվում են ավելորդ քաշ հավաքելու ռիսկին։
Մասնագետը նշում է, որ չկա օդի աղտոտվածության անվտանգ մակարդակ։ Անգամ թեթև աղտոտումը կարող է երեխաների մոտ ասթմա առաջացնել։
Հետազոտությանը մասնակցել է մինչև 10 տարեկան ավելի քան 1200 երեխա՝ 39 տարբեր դպրոցներից։Նրանցից յուրաքանչյուրն ամեն օր դպրոց է հաճախել։ 12 ամիսների ընթացքում հետազոտողները մի քանի անգամ չափել են մասնակիցների ուշադրության և աշխատանքային հիշողության մակարդակը։ Մասնագետները նաև գնահատել են դպրոցից տուն և հետադարձ ճանապարհին աղտոտվածության ազդեցությունը կամավորների վրա։
Գիտնականները պարզել են, որ 2.5 կարծր մասնիկների և տեխնիկական ածխածնի ազդեցությունը խոչընդոտել է երեխաների մոտ աշխատանքային հիշողության ծավալի մեծացմանը։ 2.5 կարծր մասնիկների և տեխնիկական ածխածնի բարձր մակարդակի պատճառով աշխատանքային հիշողության ծավալը կրճատվել է 4.6 և 3.9 տոկոսով համապատասխանաբար։
Հետազոտողների խոսքով՝ երեխաները պետք է ոտքով գնան դպրոց կամ հեծանվով՝ ընտրելով ամենաքիչ աղտոտված ուղին։
med.news.am