Միջին վիճակագրական էներգետիկ ըմպելիքում պարունակվում է մոտ 16 թեյի գդալ շաքար՝ ավելի շատ, քան խորհուրդ տրվող օրական նորման է: Հենց այս պատճառով փորձագետները կոչ են անում այս ըմպելիքների վաճառքն արգելել 16 տարեկանից փոքր դեռահասներին:
Հետազոտողները շաքարի պարունակությունը գնահատել են մի շարք ըմպելիքներում և շշմեցուցիչ արդյունքներ են ստացել: Նրանք ամենաշատ շաքար են հայտնաբերել Energy and Tropical Guava Flavour-ում (արտադրողն է Rockstar-ը). այս արտադրանքի 500 մլ-ում 78 գրամ շաքար է պարունակվում, որը 20 թեյի գդալ է կազմում: Սա ավելի քան 3 անգամ գերազանցում է շաքարի օրական թույլատրելի սահմանային չափը՝ 25 գրամ կանանց համար և 38 գրամ՝ տղամարդկանց:
Դրանից բացի, էներգետիկ ըմպելիքներում նկատվում է նաև կոֆեինի՝ առողջության համար վտանգավոր մակարդակ, ինչպես նաև բարձր կալորիականություն:
Հետազոտողները վերլուծել են 150-ից մինչև 1000 մլ տարողությամբ տարբեր ըմպելիքների բաղադրիչները: Նշենք, որ 500 մլ տարողությունը համարվում է տարաների և շշերի մեծ մասի թվում ամենատարածվածը: Հետազոտության հեղինակ Queen Mary University of London-ի պրոֆեսոր Գրեհեմ Մակգրեգորն ընդգծել է, որ շաքարի նման քանակությունը երեխաների համար բացարձակապես անընդունելի է, քանի որ ոչ մի կերպ չի տեղավորվում հավասարակշռված առողջ սննդակարգի շրջանակում: Գիտնականների կարծիքով՝ հենց այս պատճառով անհրաժեշտ է էներգետիկ ըմպելիքների վաճառքը արգելել 16 տարեկանից փոքր անձանց:
Վերջին տարիներին զարգացած և զարգացող շատ երկրներում տարածվում է մանկական ճարպակալման իսկական համաճարակ, որը կապված է ժամանակակից երեխաների սխալ սնվելու և քիչ շարժվելու հետ: Երեխաների և դեռահասների շրջանում տարածված էներգետիկ ըմպելիքների մեջ շաքարի այդքան բարձր պարունակությունը կարող է լինել այս խնդրի գլխավոր պատճառներից մեկը:
med.news.am