«Ֆուլ հաուսի» անձնակազմն օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում նշել է նախագծի ավարտն ու Ամանորին ընդառաջ հավաքույթ կազմակերպել։ Նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանը` Մենչը, Tert.am Life–ին է տրամադրել երեկույթի լուսանկարներն ու հայտնել, որ երեկույթն անցկացրել են ընկերական մթնոլորտում։
«Մեր անձնակազմից դուրս մարդ չկար։ Սա նախատոնական հավաքույթ էր, քանի որ Ամանորին ամբողջ կազմով չենք կարողանա հավաքվել։ Շատերը կլինեն արտերկրում»,– ասաց նա։
«Ֆուլ հաուսը» համարվում է հայկական հեռուստաեթերի ամենաբարձր ռեյթինգն ունեցող նախագծերից մեկը։ Ստեղծագործական թիմն արդեն ունի նոր գաղափարներ, որոնք կյանքի կկոչվեն ավելի ուշ։
«Հետագայի համար շատ մտքեր կան իրագործելու, սակայն նախապես չեմ ուզում խոսել այդ ամենի մասին։ Առայժմ բոլորս տևական հանգստի կարիք ունենք, ինչից հետո կմտածենք նոր անելիքների մասին։ Ամեն դեպքում հստակ կարող եմ ասել, որ մեր թիմը չի ցրվի»,– ասաց Մենչն ու հավելեց, որ ի դեմս «Ֆուլ հաուսի» հիմնական անձնակազմի` ձեռք է բերել հուսալի գործընկերներ, ինչ-որ առումով նաև ընկերներ։
Ամբողջը՝ life.tert.am