Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել և բուժել ստամոքսի հիվանդությունները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել և բուժել ստամոքսի հիվանդությունները

Մոտենում են Ամանորյա տոները, որոնք հայկական ընտանիքներում սովորաբար ուղկեցվում են հարուստ սեղաններով:

Սակայն, եթե դուք ունեք աղեստամոքսային համակարգի թաքնված խնդիր, ապա տոնական սեղանների սննդի բազմազանությունն ու ալկոհոլը կարող են բերել դրանց բարդացումների:

Ինչպես նշում է «Աստղիկ» բկ-ի վիրաբույժ Վահրամ Խաչատրյանը՝ որովայնի ցավն արտահայտվում է տարբեր ձևերով՝ երբեմն սուր, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն էլ ճմլվող, որովհետև մեր օրգանիզմում բազմաթիվ ֆունկցիաներ են տեղի ունենում այդ շրջանում, և կան շատ հնարավոր պատճառներ, որոնք լուրջ արտահայտվելով միայն բարդացած փուլում, իրենց տակ թաքցնում են այնպիսի լուրջ օրգանների խնդիրներ, ինչպիսիք են ՝ ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդությունները: Ցավոք, մեր հայրենակիցներից շատերն անուշադրության են մատնում այդ խնդիրները և բժշկի դիմում արդեն հիվանդության բարդացած փուլում:

Ձեզ ենք ներկայացնում աղեստամոքսային համակարգի մի քանի հիվանդություն՝ իրենց առաջնային ախտանշաններով, որոնք պետք է ահազանգեն, որ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Կախված բնույթից, ինտենսիվությունից ու ստամոքսում հայտնվող ցավի ժամանակից՝ հնարավոր է ճշգրտորեն որոշել վերջինիս պատճառը: Դա կարող է լինել գաստրիտ, խոց կամ մի շարք այլ պատճառների հետևանք:

Ստամոքսի շրջանում ցավերի առաջացման հիմնական պատճառներն են՝

Գերսնուցում

Եթե սննդակարգում գերակշռում է յուղոտ, աղի սնունդը, տապակած և անկանոն սննդի օգտագործումը, ապա այն կարող է առաջացնել ինչպես ստամոքսի, այնպես էլ ամբողջ մարսողական համակարգի նորմալ աշխատանքի խանգարում: Ցավային զգացողություններով կարող է փոխադարձաբար ուղեկցվել և սննդի մշակման, և յուրացման պրոցեսը:

Գաստրիտ

Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես բակտերիաների, այնպես էլ մի շարք այլ հիվանդությունների հետևանքով: Հայտնի է, որ էրոզիվ գաստրիտն առաջանում է դեղամիջոցներով երկարատև բուժման հետևանքով: Այն կարող է նաև առաջանալ ալկոհոլի ու կծու սննդի չարաշահման հետևանքով: Ցածր իմունիտետի դեպքում կարող է առաջանալ վիրուսային կամ սնկային գաստրիտ: Ստամոքսի լորձաթաղանթի հյուծվածության դեպքում կարող է առաջանալ ատրոֆիկ գաստրիտ:

Ախտանշաններն են՝ ցավ ստամոքսի շրջանում, սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում:

Խոցային հիվանդություն

Խոցային հիվանդությունը, ինչպես նաև տասներկումատնյա աղու խոցն արտահայտվում է ստամոքսի շրջանում շարունական, սուր և գիշերային ցավերով:

Ստամոքսի քաղցկեղ

Այս հիվանդությունը վաղ շրջանում հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, սակայն ժամանակի ընթացքում կարող են հայտնվել անհարմարության, ինչպես նաև ստամոքսում ցավային զգացողություններ: Հիմնական դեպքերում այն բացահայտվում է միայն գործիքային հետազոտությունից հետո:

Ստամոքսի պոլիպներ

Սովորաբար նման բարորակ ուռուցքներ առաջանում են ստամոքսի ներքին պատի վրա: Դրանք չեն առաջացնում սուր կամ ուժեղ ցավեր, սակայն կարողեն ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով:

Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների կամ միզուղիների ինֆեկցիոն ախտահարման դեպքում ևս կարող են առաջանալ ստամոքսի ցավեր:

Կույր աղու որդանման ելունի բորբոքում

Այս խնդրի առկայության դեպքում ստամոքսի ցավը կարող է տարածվել որովայնի ստորին աջ հատվածի վրա: Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

med.news.am