Տոնը, հատկապես՝ Ամանորը, կարևոր նշանակություն ունի ընտանիքի համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կտրվել առօրեայից, ժամանակ տրամադրել միասին լինելու և հաճելի զբաղմունքերի համար: Սակայն տոներից հետո նորից աշխատանքային ռեժիմի վերադառնալիս որոշակի դժվարություններ են առաջանում՝ կապված քնի, սննդի և զբաղվածության տեսակի հետ: Աշխատանքային ռեժիմի անցնելու համար հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը մի շարք խորհուրդներ ունի:
- Տոնական վերջին օրերին մտովի պատկերացրեք ձեզ աշխատավայրում, հատկապես՝ ամենահաճելի բաները, որոնք կապված են աշխատանքի հետ: Մեկի համար դրանք կլինեն աշխատանքային լավ ընկերները, որոնց կարոտել է, մյուսի համար՝ աշխատանքային հարմարավետ սենյակն ու սուրճը, մեկ ուրիշի համար էլ՝ հանդիպումն այցելուների հետ և այլն:
- Աստիճանաբար անցեք լիարժեք աշխատանքային ռեժիմի, և որպեսզի աշխատանքը չտուժի, նախապես ծրագրեք և կատարեք կարևորագույն գործերը, որոնց կատարումն առաջնային է և պարտադիր: Մնացյալ գործերը կարելի է թողնել աշխատանքային առաջին շաբաթվա վերջի համար:
- Դրական մտածեք. դուք լավ հանգստյան, տոնական օրեր եք ունեցել, հաճելի ժամանց հարազատների և ընկերների հետ, հիմա ժամանակն է կուտակած էներգիան օգտագործել աշխատանքային ձեռքբերումների համար:
- Փորձեք տոնական դարձնել կյանքի յուրաքանչյուր օրը: Յուրաքանչյուր օրը փորձեք լցնել ուրախության և տոնի զգացողությամբ, ժամանակ հատկացնել ե՛ւ աշխատանքի, ե՛ւ հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար:
Այս պարզ խորհուրդներին հետևելով՝ կարելի է արագորեն վերադառնալ աշխատանքային ռեժիմին և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: