Ի՞նչ է ամանորյա դեպրեսիան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է ամանորյա դեպրեսիան

Ամանորյա դեպրեսիան ճնշված վիճակ է, որն ուղեկցվում է տագնապով և համընդհանուր տոնակատարությանը մասնակցելու ցանկություն չունենալով: Գիտնականների կարծիքով՝ այս երևույթը որոշակի պատճառներ ունի:

Ե՞րբ է պետք տագնապի մասին ահազանգել

Մարդկանցից շատերի մոտ ամանորյա մելամաղձոտությունը թեթև է ընթանում՝ առանց յուրահատուկ հետևանքների և ինքնաբերաբար վերանում է: Այս պատճառով շատ կարևոր է բաց չթողնել այն պահը, երբ թեթևակի տխրությունը և չիրականացածի համար ափսոսանքը վերածվում են իսկական ծանր կլինիկական դեպրեսիայի: Դրանից բացի, անհրաժեշտ է իմանալ, թե ամանորյա տոներից հետո ինչն է հատկապես սրում հիվանդությունը, որը կոչվում է սեզոնային աֆեկտային խանգարում: Ի՞նչ ախտանշաններ պետք է ձեր ուշադրությունը գրավեն:

  • մշտական ճնշված վիճակ
  • ուժերի անկում, որը չի անցնում անգամ համգստանալուց հետո
  • գերքնկոտություն (հիպերսոմնիա)՝ գիշերային քնի ավելցուկային երկարատևության առկայություն, ցերեկային ժամերին չափից ավելի քնկոտության պահեր
  • պոլիֆագիայի ախտանշաններ՝ սննդային վարքի խանգարում, որն արտահայտվում է բարձր ախորժակով և պաթոլոգիական շատակերությամբ, որի դեպքում անհատը սնունդի տանջող պահանջ է ունենում
  • սեռական գրավչության անկում

Եթե ձեզ մոտ կամ մտերիմներից որևէ մեկի մոտ հայտնաբերել եք թվարկված ախտանշաններից մեկը կամ միանգամից մի քանիսը, անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:

Ամանորյա դեպրեսիայի պատճառները

Հոգեբանների կարծիքով՝ կարող է լինել ամանորյա դեպրեսիայի մի քանի պատճառ: Տարեվերջին աշխատավայրում շատ գործ է կուտակվում, բոլոր մարդիկ ամփոփում են անցնող տարվա արդյունքները՝ գնահատելով, թե ծրագրածից ինչն է կատարվել, իսկ ինչը՝ ոչ: Ամանորյա տոները նաև ֆինանսական բեռ են ՝ անհրաժեշտ է տոնին պատրաստվել, նվերներ գնել, ամանորյա սեղանը կազմակերպել, որի համար շատերը վերջին փողն են ծախսում՝ Ամանորը նշելուց հետո հայտնվելով «խղճուկ» վիճակում:

Հոգեբանները դեպրեսիայի առաջացման կարևոր պատճառ են համարում նաև այն փաստը, որ շատերն Ամանորին «հրաշքի» և նկատելի փոփոխությունների են սպասում, բայց երբ տոնից հետո ոչ մի բան չի փոխվում, նրանց մեծ հիասթափություն է պատում: Ամանորյա դեպրեսիայի մեջ իրենց ավանդը կարող են ունենալ նաև ամանորյա թեմայով ֆիլմերը: Լավ ավարտով և բարու հաղթանակով հեքիաթները անիրատեսական սպասումներ են առաջացնում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծ թվով մեծահասակների շրջանում: Եվ հաճախ հեքիաթային սյուժեների հետ շրջապատող իրականության համեմատությունը հանդիսատեսին գցում է նոր ապրումների մեջ, որ կանքը շեղված հունով է ընթանում:

Վիճակը կարող է խորացնել ալկոհոլի օգտագործումը, որն, ինչպես հայտնի է, բացասական ապրումները միայն խորացնում է: Դրանից բացի, ոչ այնքան մտերիմ մարդկանց հետ շփումների ավելցուկը, որը հաճախ տեղի է ունենում  ամանորյա կորպորատիվների ժամանակ, նույնպես կարող է իր դերակատարումն ունենալ. նման շփումը հյուծում է ուժերը և վերացնում տոնական տրամադրությունը:

Ամանորյա դեպրեսիան առավել հաճախ ժամանակավոր երևույթ է, որն անցնում է, երբ ամանորյա իրարանցումը հետևում է մնում: Սակայն եթե նկատում եք, որ ուժերի և տրամադրության անկումը ժամանակի ընթացքում չի անցնում, իսկ դեպրեսիայի ախտանշանները երկար են ձգվում, անչափ կարևոր է ժամանակին մասնագիտական օգնության դիմել:

med.news.am