ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհի տարեց կինն իր կողոսկրը կոտրել է հազի նոպայի ժամանակ: Անսովոր բժշկական դեպքի մասին հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը:
66-ամա կինը բժշկի է դիմել վերջին 2 շաբաթվա ընթացքում հազի և կրծքում ուժեղ ցավի բողոքներով: Բժիշկը ենթադրել է, որ դրանք առաջացել են շնչառական ինֆեկցիայի հետևանքով, օրինակ՝ գրիպի: Սակայն հաջորդ 5 օրերին բարելավում չի նկատվել:
Ավելի մանրամասն զննում կատարելիս բժիշկն ուշադրություն է դարձրել կնոջ կողքին՝ կրծքավանդակի և կոնքազդրային հոդի միջև առկա մեծ կապտուկին: Այն բավականին ցավոտ էր: Համակարգչային տոմոգրաֆիայով պարզվել է, որ կնոջ մոտ աջ 9-րդ կողոսկրի կոտրվածք կա: Դրանից բացի, քթի և կոկորդի քսուքի անալիզով բժիշկները կապույտ հազ են ախտորոշել:
Կապույտ հազին հատուկ է սպազմատիկ, խեղդող հազը: Ամենայն հավանականությամբ, կինը կողոսկրը կոտրել էր հերթական նոպայի ժամանակ: ԱՄՆ ՀԻվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ կողոսկրերի կոտրվածքներ են պատահում կապույտ հազով հիվանդ մեծահասակների 4 տոկոսի մոտ:
Կնոջը վիրահատել են, նա անցել է նաև հակաբիոտիկային թերապիայի կուրս: