Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է։ Նա այս մասին հայտնել է Ինստագրամում, ինչն առաջացրել է երկրպագուների անհանգստությունը։ Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան պատմեց, որ այսօր կորցրել է գիտակցությունը և բժշկի դիմելու անհրաժեշտություն է առաջացել։
«Ինձ հետ նման բան չէր եղել։ Առաջիկայում կհետազոտվեմ, կհասկանամ` ինչ է եղել։ Մինչև այս առողջական խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ` այս ամենը նյարդային լարվածության հետևանք էր։ Վերջին ամսվա ընթացքում, երևի, շատ եմ նյարդայնացնել։ Տարբեր պատճառներ են եղել, որոնց մասին չեմ ուզում խոսել, սակայն վերջին ամիսն ինձ համար լարված էր»,- նշեց դերասանուհին։
Նա ասաց, որ հիմա իրեն լավ է զգում, տանն է։ «Փառք Աստծո, արդեն լավ եմ։ Բախտս բերել է, որ տանը մենակ չէի, մամաս տանն էր և կարողացել է ինձ օգնություն ցուցաբերել»,– ասաց Ժաննան ու հավելեց, որ ընկնելիս հարված է ստացել դեմքին և որոշ այտուցներ ունի։
Դերասանուհին հայտնեց, որ գիտակցության գալուց հետո նույնիսկ հասցրել է զավեշտալի իրավիճակում հայտնվել. «Ուշքի գալուց և Տիրոջը Փառք տալուց հետո առաջին ասել եմ` ուր ա հեռախոսս։ Պարզվեց, ես իրոք լուրջ կախվածություն ունեմ հեռախոսից։ Ինձ միշտ ասում էին, չէի հավատում»։