Մարդիկ ավելի երկար կապրեն, բայց ավելի հիվանդ կլինեն
Advertisement 1000 x 90

Մարդիկ ավելի երկար կապրեն, բայց ավելի հիվանդ կլինեն

Մինչև 2035 թ․ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 3․6 տարով կավելանա, իսկ կանանցը՝ 2․9 տարով։ Սակայն այդ ավելացած տարիները նրանք ստիպված կլինեն վատնել բազմաթիվ հիվանդությունների բուժման վրա, հավաստիացնում են Նյուքասլի համալսարանի գիտնականները։

Գիտնականները վերլուծել են ծերացման մասին երեք հետազոտություն, որոնց միջոցով ստեղծել են կանխատեսման մոդելներ և գնահատել կյանքի ապագա տևողությունը ու հիվանդացության մակարդակը։

 Հիմնական շեշտադրումն արվել է «տարիքային» զանազան հիվանդությունների վրա՝ քաղցկեղ, դիաբետ, արթրիտ, թուլամտություն, նաև լսողության խանգարում։ Էքստրապոլյացիայի արդյունքները ցույց են տվել, որ 2015-2035 թթ․ առնվազն չորս հիվանդությամբ տառապող տարեց մարդկանց թիվը կկրկնապատկվի, ընդ որում յուրաքանչյուր երրորդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կունենա՝ այդ թվում թուլատմություն ու դեպրեսիա։

Գիտնականները հաշվարկել են, որ քաղցկեղի դեպքերը տարեցների շրջանում կհաճախանան 179․4 տոկոսով, իսկ դիաբետի դեպքերը՝ 118․1 տոկոսով։ Հետազոտողների կարծիքով, դա կապակցված է ճարպակալման ցուցանիշների աճի ու ֆիզիկական ակտիվության մակարդակի նվազեցման հետ, ինչը զգալիորեն վնասում է մարդկանց առողջությանը։ Ակնկալվում է, որ առաջիկա 20 տարիներին 85 տարեկան ու ավելի տարեց  մարդկանց թիվը կաճի, ու հետևաբար կաճի նաև առողջապահական ոլորտի վրա ծանրաբեռնվածությունը։

Բացի դրանից հետազոտողները ենթադրում են, որ «երիտասարդ ծերունիները» ՝ 65-74 տարեկանները,  նույնպես ամենայն հավանականությամբ երկու կամ երեք հիվանդություն կունենան , ինչը շատ ավելին է, քան անցած տարիների ցուցանիշները։ Սա էլ է կապակցված   ճարպակալման տարածման ու ֆիզիկական ակտիվության բացակայության հետ, որը դարերով կենսական անհրաժեշտություն է համարվել մինչև խորը ծերություն։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու ավելորդ քաշը բազմաթիվ հիվանդությունների ամենալուրջ նախապայմաններն են, պարզաբանում են գիտնականները։

«Միանգամից մի քանի հիվանդություն ունենալը բարձրացնում է հոսպիտալացման հավանականությունը, նաև ավելացնում հիվանդությունների կրկնությունների հավանականությունը, ու այդ գործոններն էլ իրենց հերթին նպաստելու են առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությանն ու ճգնաժամերին»,- ամփոփել է պրոֆեսոր Քերոլ Ջագգերը, հետազոտության առաջատար հեղինակը։

med.news.am