24 տարվա ուսումնասիրությունից հետո բժիշկները պարզել են, որ երկար ժամանակ հեռուստացույցի մոտ նստել սիրողներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հեռուստացույցի առջև երկարատև նստելը մեծացնում է երակային թրոմբոզի վտանգը: Պարբերականը նշում է, որ նման հետևության են եկել ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի գիտնականները՝ տևական հետազոտություններից հետո։
Մասնագետները 24 տարի շարունակ հետազոտել են 45-64 տարեկան 15 հազար ամերիկացիների։ Այդ ընթացքում արձանագրվել է երակային թրոմբոզի 691 դեպք։
Միաժամանակ պարզվել է, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով զգալի ժամանակ են անցկացրել հեռուստացույցի մոտ, 1,7 անգամ ավելի հաճախ են տառապել այդ հիվանդությունից։ Թրոմբոզի բարձր ռիսկը պահպանվել է միանման քաշով և ֆիզիկական նույն ծանրաբեռնվածությամբ կենցաղ վարող մասնակիցների մոտ։
«Այդ արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ են անում, հեռուստացույց նայելիս երկար ժամանակ նստած լինելով՝ վտանգում են իրենց առողջությունը», — ասում է հետազոտության համահեղինակ Յասուհիկո Կուբոտան։
Երակային թրոմբոզի դեպքում երակներում թրոմբեր են գոյանում։ Ամենից հաճախ այդ գործընթացը սկսվում է ոտքերի երակներում։ Հիվանդությունը կարող է առաջացնել թոքային երակի խցանում, ինչը համապատասխան բուժման բացակայության դեպքում հանգեցնում է մահվան։