«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի մասնակցությունը «Լավ երեկոյին» բուռն քննարկումների տեղիք է տվել։ Հաղորդման ժամանակ նա չի կարողացել ձևակերպել միտքը, ինչը չի մոնտաժվել և այսօր քննարկվում է որպես Լիլի Սարգսյանի խայտառակություն։ Tert.am Life-ն այս մասին խոսել է Գեղեցկուհու տիտղոսակրի հետ։
«Ես իրավիճակին հումորային եմ վերաբերում, բայց կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել,- ասաց Լիլին ու հավելեց, որ այս ամենից ինքը չի սրտնեղել,- Տաղավարում հրաշալի մթնոլորտ էր։ Երբ դիտեցի հաղորդումը, հումորով վերաբերեցի այդ ամենին և որևէ վատ բան չնկատեցի նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցին քննադատել։ Հաղորդումը հումորային է, հարցերը ևս։ Կարծում եմ` չպետք է պատասխանեի կոպիտ կամ լուրջ։ Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ մարդը կարող է սխալվել։ Ինձ տրվել է հնարավորություն, որպեսզի կարողանամ ասել իմ խոսքը։ Սխալվելուց հետո էլ ես չկաշկանդվեցի, ազատ ու հանգիստ շփվեցի»։
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին` Լիլին ասաց, որ շատ հանգիստ է վերաբերում այդ ամենին։ Շատերն այս թեման քննարկում են որպես Լիլի Սարգսյանի խայտառակություն և առաջ բերում ձևավորված կարծրատիպը, որ մոդելները չեն կարող խելացի լինել:
«Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե մարդիկ ինչ կասեն և չեմ փորձում պատասխան տալ իրենց։ Ես սա ընդհանրապես խայտառակություն չեմ համարում»,- ասաց նա և նշեց, որ չի կարող իրեն խելացի համարել կամ ոչ։ -Ես, լինելով 17 տարեկան, շատ գիտելիքներ ստացել եմ, շատ գիտելիքներ էլ դեռ ունեմ ստանալու։ Կարծում եմ` ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ է գիտելիքներ ստանալ»։