Հայաստանի շտապ օգնության բժիշկների զինանոցում արդյոք հակաբիոտիկներ կա՞ն
Advertisement 1000 x 90

Հայաստանի շտապ օգնության բժիշկների զինանոցում արդյոք հակաբիոտիկներ կա՞ն

Շտապ օգնության բժիշկները դեղատոմսեր գրելու իրավունք չունեն, իսկ նրանց մոտ հակաբիոտիկներ չեն լինում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ շտապ օգնության բրիգադն ունի միայն այն դեղերը, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար: Իսկ հակաբիոտիկներն այդպիսին չեն համարվում: Ավելին՝ հակաբիոտիկներ նշանակելու համար անհրաժեշտ է որոշակի հետազոտություն և ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչը փողոցում կամ հիվանդի տանը, որտեղ սովորաբար աշխատում է շտապ օգնության բրիգադը, անհնար է անել:

«Շտապ օգնության բժիշկը դեղեր դուրս գրելու իրավունք չունի: Բուժման որոշակի մարտավարությունը և դեղերի նշանակումը չեն մտնում շտապ օգնության բժշկի պարտականությունների մեջ, դա պետք է անի ընտանեկան բժիշկը: Շտապ օգնության բժիշկը ցուցաբերում է անհետաձգելի օգնություն»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Գրիպի, ՍՇՎ և շնչուղիների այլ հիվանդությունների դեպքում հիվանդներին խորհուրդ է տրվում պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին դիմել: Եթե հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է հանգստյան օրերին, երբ պոլիկլինիկան չի աշխատում, խորհուրդ է տրվում դիմել հերթապահ թերապևտին կամ հիվանդանոցի վարակաբանին. այս մասնագետը կարող է ե՛ւ հիվանդությունն ախտորոշել, ե՛ւ բուժում նշանակել, ե՛ւ դեղատոմս գրել: Շտապ օգնության բրիգադը որոշ դեպքերում կարող է առաջին օգնություն ցույց տալ գիպի և ՍՇՎ դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդին հիվանդանոց տեղափոխել, որտեղ արդեն կզբաղվեն նրա բուժմամբ:

Նշենք, որ դեղատներից միայն դեղատոմսերով դեղերի վաճառքի նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո համացանցում մեծ թվով բողոքներ են հրապարակվում շատ դեղերի անհասանելիության հետ կապված, հատկապես հանգստյան օրերին, երբ պոլիկլինիկաները չեն աշխատում:

Այսպես՝ երգչուհի Սոնա Ռուբենյանը օրերս «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ հիվանդացել է թարախային անգինայով, սակայն դեղատանը չի կարողացել դեղ գնել դեղատոմս չունենալու պատճառով՝ միակ բանը, որ կարողացել են նրան առաջարկել, կոկորդի ցավի դեմ սառնաշաքարն էր: Մարտի 8-11-ը պոլիկլինիկաները չէին աշխատում: Երգչուհին շտապ օգնություն է զանգահարել, սակայն նրան պատասխանել են, որ որևէ բանով օգնել չեն կարող, քանի որ թարախային անգինան իրենց իրավասության մեջ չէ, իսկ դեղատոմսեր շտապ օգնության բժիշկները չեն գրում:

med.news.am