Հեռուստատեսությունն ապահովագրված է ըմբոստությունից
Advertisement 1000 x 90

Հեռուստատեսությունն ապահովագրված է ըմբոստությունից

Հարցազրույց հեռուստառեժիսոր Արա Շիրինյանի հետ

– Հեռուստադիտողը կարո՞ղ է ազդել հեռուստաարտադրանքի վրա։

– Մինչեւ չվճարի՝ ոչ։ Երբ ընթերցողը տպագիր մամուլ է գնում, նա՝ 100 դրամ վճարելով, ապահովում է թերթի հաջորդ համարի լույս տեսնելը։ Դրանով իսկ ազդում է թերթի բովանդակության վրա։ Հիմնականում ընթերցողն է պատվիրում եւ ֆինանսավորում ամենաշատ կարդացվող թերթերը՝ «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Ազգը», վերջերս նաեւ՝ «168 ժամը»։ Հեռուստատեսության դեպքում` պատկերն այլ է։ Հայկական ալիքներն անվճար են, ուստի եւ դուք չեք կարող ազդել հաղորդումների բովանդակության վրա, եթե, իհարկե, հեռուստաընկերության սեփականատերը չեք։

– Իսկ ովքե՞ր են տերերը, որոնք եւ որոշում են` ինչ ցուցադրել:

– Տերերը տարբեր են… նրանց նպատակները` նույնպես։ Մի մասի համար հեռուստատեսությունն իսկապես կյանքի գործ է, կամ, ասենք, քաղաքական, հասարակական ազդեցության միջոց, ոմանց համար էլ՝ «պրեստիժնի» բիզնես: Վերջապես` իշխանություններին հաճոյանալու նուրբ գործիք, հաճախ նաեւ՝ այս ամենը միասին։ Մի խոսքով, բոլորը ձգտում են, մեղմ ասած, ունենալ լսարանը իրենց նպատակներին հասնելու համար, եւ հեռուստադիտողի կարծիքը նրանց չի հետաքրքրում։

– Ո՞վ պետք է պաշտպանի հեռուստադիտողի շահերը, միգուցե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողո՞վը:

– ՀՌԱՀ-ն ի զորու չէ պաշտպանել հեռուստադիտողի շահերը TV-ների համատարած առեւտրայնացման պայմաններում, այդպիսի նպատակ երբեւէ չի էլ դրել իր առջեւ։ Իբրեւ ոլորտը կարգավորող մարմին, այն շատ թույլիկ է։ Եթերն առանց դիմադրության հանձնված է շուկայի գիշատիչներին եւ գովազդատուների քմահաճույքին։ Իմ տպավորությամբ, իշխանությունը վերահսկում է գրեթե բոլոր հեռուստաալիքները, նրանց հորդորելով` զվարճացնել ժողովրդին մինչեւ վերջ, որ հեռու մնան քաղաքականությունից։ Մեր եթերում երբեւէ չի եղել այսքան աստղ, երաժշտություն, հումոր եւ ֆուտբոլ։ 1973-ին, երբ «Արարատը» չեմպիոն էր ու ազգովի երկրպագում էինք, այդքան ֆուտբոլ չէր ցուցադրվում, որքան հիմա։ Այսօր մենք ապրում ենք ուրիշների կյանքով՝ նկատի ունեմ սպորտը, սերիալները եւ այլն։ Անունը դրել են «ռեյտինգ» եւ այդ պատճառաբանությամբ` եթերը լցրել տեղական եւ կրկնօրինակված աղբով։ Երեւի աշխարհում ամեն տեղ կան տգետ մարդիկ, բայց մեզ մոտ նրանք ամեն օր ելույթ են ունենում հեռուստաէկրանից՝ տարածելով տգիտության վիրուսը, դարձնելով այն մտածելակերպի եւ վարվեցողության չափանիշ։ Իսկ ո՞վ պիտի կրթի մեր երեխաներին, քննարկի մեր խնդիրները, դաստիարակի երկրի քաղաքացի, իր իրավունքներին տեղյակ, բարոյական ու կիրթ մարդ… Գրիգոր Ամալյանը բազմիցս ասել է, թե Հանձնաժողովը գործ չունի ալիքների բովանդակության հետ, այլ միայն արտոնագիր է տրամադրում (կամ չի տրամադրում)` որոշակի չափորոշիչների բավարարելու պայմանով։ Այդ չափորոշիչները, սակայն, ցանկալի է վերանայել։ Օրինակ, ՀՌԱՀ-ն ուսումնասիրում է հայտը, թե մասնավոր ընկերությունը որքան ներդրում է անում իր հեռուստաալիքը կայացնելու համար։ ԱԼՄ-ն հսկայական ներդրումներ է արել, հետո՞ ինչ։ Դա ընկերության պրոբլեմն է, ոչ թե պետության։ Պետական կառավարման լիազորված մարմինն ավելի լավ է հսկի մատուցված ծառայության որակն ու վերջնական արդյունքի շահավետությունը հասարակության համար։ Իսկ հասարակության շահը քաղաքակիրթ աշխարհում նշանակում է ավելի շատ կրթական հաղորդումներ, ավելի քիչ կոմերցիոն, եւ հիմնական չափանիշը՝ պաշտոնական տեղեկատվության ազատ տրամադրումը պետք է լինի, այլ ոչ թե` քարոզչությունը։ Լավագույն տարբերակն է, երբ պետության մասին կարծիք հայտնելու բացարձակ իրավունքը պատկանում է անկախ մամուլին։

– Այսօր Հայաստանում կա՞ անկախ մամուլ։

– Անկախ լրատվամիջոցների դեմ իշխանությունների պայքարն ավարտվեց համընդհանուր դեպրեսիայով։ Որոշ թերթեր, սակայն, մնացին անկախ այն չափով, որ չափով ֆինանսավորվում են ընթերցողի կողմից։ Հեռուստաընկերությունները մնացին կախված գովազդատուներից։ Դրանից հետո ծնվեց մի նոր իրողություն՝ Հայաստանում ավարտվեց հեռուստատեսության դարաշրջանը։ Թող զարմանալի չթվա, բայց այսօր հեռուստատեսային լուրերն արդեն տեղեկատվության հիմնական աղբյուրը չեն, ինչպես նախորդ դարում։ Իհարկե, բոլորս լսում ենք պաշտոնական լուրերը, բայց ո՞վ է հավատում։ Հանրության ինտելեկտուալ մասը հավաստի ինֆորմացիան գտնում է ինտերնետում։ Այսինքն, պետությունը հետզհետե կորցնում է տեղեկատվությունը վերահսկելու հիմնական լծակը՝ ֆինանսական կախվածությունը։ Ինտերնետի սայթ պահելն անհամեմատ ավելի մատչելի է, քան հեռուստաընկերություն։ Ինտերնետային մամուլն էլ հենց ամենաանկախն է Հայաստանում։

– Իսկ գովազդի միջոցով հնարավոր չէ՞ պահել հեռուստաալիք, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։

– Հայաստանում՝ առայժմ ոչ։ Մեր տնտեսությունը մեծ կախում ունի իշխանություններից։ Գործարարները չեն կարող եւ չեն էլ ուզում ազատ ֆինանսավորել անկախ մամուլը։ Իհարկե, կան բացառություններ։ Բայց ես խոսում եմ հիմնական հոսքերի մասին։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գովազդի գինը առնվազն 5 անգամ էժան է իրականից։ Տեսեք, Վրաստանում գովազդի 1 րոպեն արժե 400 դոլար, մեզ մոտ՝ 100-ից ավելի քիչ։

Գովազդի ցածր գինը Հայաստանում թույլ չի տալիս հոգալ հեռուստաընկերության հիմնական ծախսերը։ Գովազդի գինը չի բարձրանա, որովհետեւ գործարքն իրականացնում են նեղ շրջապատի անձինք, նաեւ՝ քաղաքական նկատառումներով։ Հեռուստատեսությունը Հայաստանում բիզնես չի, այլ քաղաքական մանիպուլյացիաների գործիք եւ խոշոր կապիտալի շահերը հասարակական հնարավոր ըմբոստությունից ապահովագրելու միջոց։

– Վերջին հարցումների համաձայն` մեծ թվով հանդիսատես ԱԼՄ է դիտում։ Ո՞րն է նրա ֆենոմենը։

– ԱԼՄ-ն իսկապես ֆենոմեն է, եւ կարիք ունի բացատրության։ Ես կփորձեմ, թեեւ կարող եմ սխալվել։ Այս ալիքի գոյությունը վկայում է խտրականության մասին, որ տիրում է երկրում։ ԱԼՄ-ն, պարզապես, մշակութային ռեզերվացիա է, ես ներողություն եմ խնդրում, կուզենայի նույնիսկ սխալված լինել, բայց ասեմ: Ստրուկներն, օրինակ, միշտ ունեցել են իրենց մշակույթը, ասենք, թախծոտ երգեր, հիշենք ռուսական «բուռլակների երգը», եւ այլն: Դա կյանքի դժվարություններին դիմակայելու միջոց է։ Որոշ հետազոտությունների համաձայն` Հայաստանի բնակչության 50%-ը աղքատության շեմին կամ դրանից էլ ցածր է կանգնած։ Կենցաղային կարիքների տակ ճկված մարդիկ պատրաստ են հավատալ ցանկացած մեկին, որը խոսում է իրենց անունից։ Եվ ինչո՞ւ չէ՝ զանգահարել բարձր ատյան՝ հեռուստատաղավար, «ողջունել հաղորդաշարին», հետո հյուրին, եւ սկսել բողոքել… Սա չէ՞, արդյոք, անտեսված անձի արժանապատվության հաստատման միակ միջոցը։

– Ի՞նչ եք մտածում «Հայրենիք» ալիքի` «Մեցցոյի» հաղորդումներն ապօրինի ցուցադրության համար տուգանելու մասին։

– «Մեցցոյի» հաղորդումները «Հայրենիքի» եթերում դադարեցնելու ՀՌԱՀ պահանջն, իհարկե, օրինական է, սակայն հասարակությունը չի հավատում դրա արդարությանն ու համոզված է, որ ՀՌԱՀ-ը պատվեր է կատարում։ Այս անսկզբունք պահանջն, իսկապես, վարկաբեկում է օրենքը կիրառելու գաղափարը։

Հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի նկատում կոմերցիոն ալիքների զարհուրելի խախտումները եւ որոշել է ճնշում գործադրել մանկական ալիքի վրա։

– Պարոն Վարդանյանն ասում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն ու հենց ինքը՝ պարոն Ամալյանը, տնտեսական շահեր ունեն։

– Չգիտեմ… Հեռուստատեսության շուրջ միշտ էլ շահեր կան, բայց ես ուզում եմ իմանալ, թե այսօր Հայաստանում ո՞վ է պաշտպանելու հեռուստադիտողի շահերը։ Վերջերս եթերում խոսվեց այն մասին, որ արվեստասեր հեռուստադիտողը հաճույքով է դիտում «Մեցցոյի» մշակութային հաղորդումները։ Եթե այդպես է, ուրեմն ճիշտ կլիներ, որ «Հանրային հեռուստատեսությունը» ձեռք բերեր «Մեցցոյի» արտոնագիրն ու հեռարձակեր։ Մասնավոր հեռուստաալիքը պարտավոր չէ դա անել։

– «Հայրենիքը» հավաստում է, որ բանավոր համաձայնություն ունի «Մեցցոյի» ղեկավարության հետ։

– Չեմ կասկածում։ Զարգացած երկրների տրամաբանությունը հետեւյալն է. նրանք կարող են բանավոր «թույլ տալ» ապօրինի հեռարձակումը, բայց ստորագրված արտոնագիր անվճար չեն տալիս, քանի որ դրանով կնսեմացնեն վճարողների իրավունքը։ Նրանք էլ են շահագրգռված, որ մենք դիտենք ֆրանսիական ալիք, դա մշակութային ազդեցության ոլորտ է։ Եթե հիմա զրկվենք նման հաղորդումներից, ապա հետագայում, եթե փող էլ ունենանք, չենք առնի, քանի որ կարիքը չենք զգա։ Ուրեմն՝ ինչո՞ւ չօգտվել դրանից եւ չհեռարձակել «Մեցցոն» Հայաստանում։ Եթե «Մեցցոն» փակվի, նույն պարոն Վարդանյանը ստիպված կլինի դրա փոխարեն ավելի շատ ցուցադրել «Գրանդ հոլդինգի» առանց այդ էլ առատ գովազդները։ Եվ դարձյալ, ինչպես միշտ, տուժելու է հեռուստադիտողը։

Զրուցեց Նունե Հախվերդյանը
«168.am»