Մայիսից գործարկվում է «Բազմազան Վրաստանը» նախագիծը, որի շրջանակում հայերենով հեռարձակման հատուկ ցանց է ստեղծվել։
Մայիսի 3-ից «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում Վրաստանի հանրային հեռարձակման կայքում կգործի բացառապես հայերեն լեզվով թողարկվող նորությունների, ծրագրերի 12-ժամյա հեռարձակման ռեժիմը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Վրաստանի հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Ռամիլյա Ալիևան։
«Մայիսի 3-ից ՎՀՀ-ի կայքում «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր ապահովվելու է հայերեն և ադրբեջաներեն առցանց հեռուստա- և ռադիոհեռարձակում»,- ասաց Ալիևան։
Նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար առանձին խումբ է աշխատելու։ Հայերեն խմբում այս պահին 8 մասնագետ կա։ 12-ժամյա հեռարձակման ռեժիմում կցուցադրվեն տարբեր ծրագրեր, այդ թվում` երիտասարդների համար, կլինի նաև նորությունների թողարկում։
«Ժամը մեկ հայերեն ռադիոեթեր կհեռարձակվի համացանցում։ Ծրագրում ենք նաև համաժամանակյա հայերեն թարգմանություն ունենալ ՎՀՀ «Մոամբե» գլխավոր նորությունները հեռարձակելու համար»,- ասել է Ալիևան։
Հայերեն և ադրբեջաներեն նորությունները յուրաքանչյուր ժամը մեկ կհեռարձակվեն Վրաստանի հանրային հեռուստաալիքի առանձին հարթակում։ Ուշադրություն է դարձվելու բոլոր տոներին և միջոցառումներին, որոնք տոնում է Վրաստանի հայ համայնքը։ Այսուհետև դրանք ցուցադրվելու են առցանց ռեժիմում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am