Ճաղատացման դեմ նոր դեղամիջոց է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ճաղատացման դեմ նոր դեղամիջոց է հայտնաբերվել

Գիտնականները հայտնաբերել են, որ օստեոպորոզի բուժման համար նախատեսված դեղամիջոցը կարող է գործածվել որպես ճաղատացման դեմ միջոց։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում։

Նաթան Հոկշոուն ու Մանչեսթերի համալսարանից նրա թիմակիցները նկատել են, որ ցիկլոսպորին Ա դեղամիջոցը, որը անցյալում գործածվում էր մազերի փոխպատվաստման համար, առաջացնում է դրանց չափազանցված ու անցանկալի աճ։

Ուսումնասիրելով այդ իմունոդեպրեսանտի կողմնակի էֆեկտի մեխանիզմը՝ գիտնականները մազապարկերի կուլտուրան մշակել են ցիկլոսպորին Ա-ով ու ուսումնասիրել մարզարմատների բջիջների գեների ակտիվությունը։ Պարզվել է, որ ցիկլոսպորին Ա-ն գործում է իր իմունոդեպրեսիվ էֆեկտից անկախ, մասնավորապես ազդում է մազարմատի մեջ գտնվող գենի վրա՝ խոչընդոտելով SFRP1 սպիտակուցի արտադրությանը, որը բնական արգելակ է մազերի աճի համար։

Ցիկլոսպորինն անջատում է այդ արգելակն ու դրանով իսկ նպաստում մազերի աճին, բայց ճնշում է իմունային համակարգի նորմալ ֆունկցիան ու դրա համար էլ հարմար չէ որպես ճաղատացման դեմ դեղամիջոց։ Հետազոտողները սկսել են որոնել դեղամիջոցներ, որոնք ինգիբացնում են SFRP1 սպիտակուցը, բայց առանց վտանգավոր կողմնակի էֆեկտների ։

Պարզվել է, որ նման դեղամիջոց է WAY -31660-ն, որն ի սկզբանե նախատեսված է եղել որպես օստեոպորոզի դեմ դեղամիջոց։ Երբ հետազոտողները դրանով մշակել են մարդկանց մազապարկերը, տեսանելի էֆեկտը հայտնվել է միայն երկու օր անց՝ մազապարկերի ցողունը զգալիորեն ավելի արագ էր աճում, քան հսկիչ, չմշակված մազապարկերի դեպքում։ Ու նույնիսկ ավելի արագ, քան ցիկլոսպորին Ա-ով մշակվելու դեպքում։ Ընդ որում մազարմատում կերատինի արտադրությունը նկատելիորեն ավելացել էր։

Բայց մազաթափության բուժման ժամանակ ամենամեծ պահանջը մազապարկի ակտիվ աճի ֆազայի ավելացումն է։ Ալոպեցիայի դեպքում մազարմատները վաղաժամ ու անդառնալիորեն անցնում են հանգստի վիճակ։ Դրա համար էլ այդքան կարևոր է ստուգել, արդյոք WAY-31660-ն կկրկնի ցիկլոսպորին Ա-ի այդ էֆեկտը։ Իսկ փորձը սկսելուց վեց օր անց մշակված մազապարկերի զգալիորեն ավելի մեծ տոկոս է դեռ գտնվել ակտիվ աճի ֆազայում։

«Սա ցույց է տալիս, որ WAY-31660-ը մազի աճի խոստումնալից խթանիչ է»,- հայտնում են Հոքշոուն ու նրա գործընկերները։ Քանի որ այդ դեղամիջոցը նույնպես շատ սելեկտիվ է ազդում SFRP1-ի արտադրության վրա, այն կարող է համեմատաբար քիչ կողմնակի էֆեկտներ ունենալ։

Հաջորդ քայլը պետք է լինեն կլինիկական փորձարկումները, որոնք ցույց կտան, արդյոք այդ ու դրա նման մյուս դեղամիջոցներն արդյունավետ ու անվտանգ են մազաթափություն ունեցող հիվանդների համար։

med.news.am