Յոգայով ամենօրյա մարզումները զգալիորեն բարձրացնում են տղամարդկանց սերմնահեղուկի որակը: Այսպիսի եզրահանգման են եկել All India Institute of Medical Sciences-ի (AIIMS) գիտնականները:
Տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը ԴՆԹ մոլեկուլի վնասումն է: Ժառանգական նյութի բարձր որակը առանցքային գործոն է, որն անհրաժեշտ է առողջ զավակներ ծնելու համար: Նշված ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ յոգայով ամեն օր մարզվելը սերմնաբջիջներում ԴՆԹ մոլեկուլները պաշտպանում է վնասվածքներից:
ԴՆԹ կառուցվածքի խախտման հիմնական պատճառ է համարվում օքսիդացման սթրեսը: Այս վիճակում օրգանիզմում զգալիորեն աճում է ազատ ռադիկալների քանակությունը, որոնք, իրենց հերթին, խախտում են ԴՆԹ կառուցվածքը: Տղամարդու արական բջիջը շատ զգայուն է օքսդացման սթրեսի ազդեցության նկատմամբ:
Գիտնականները հետազոտությանը մասնակցելու համար 200 տղամարդու են հրավիրել, որի արդյունքները հրապարակվել են Nature Review Urology ամսագրում: Կամավորները 6 ամիս զբաղվել են յոգայով: Մարզումների շնորհիվ բոլոր մասնակիցների մոտ օքսիդացման սթրեսի մակարդակը զգալիորեն նվազել է:
Բացի այդ, յոգան կանխել է պատճենման ժամանակ մուտացիաները՝ պահպանելով թելոմերների երկարությունը (պաշտպանական տարրեր, որ գտնվում են քրոմոսոմների ծայրերին): Յոգայով ամենօրյա մարզումները ազդել են նաև կամավորների հոգեբանական վիճակի վրա: Յոգայի 6-ամսյա կուրսից հետո բարձրացել է կամավորների քնի որակը և նվազել անհանգստության մակարդակը: