Պատերազմող երկրի թիկունքի մասին պատմություն ստեղծելու ցանկությունը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերածվեց նոր ներկայացման`«Հարսանիք թիկունքում» խորագրով, որն արդեն 4 անգամ խաղացել են Գյումրիում։ Հերթը Երևանինն է։
Tert.am Life-ը ներկայացման գրանցած հաջողության, հանդիսատեսի բուռն արձագանքի ու այն Երևանում խաղալու մասին խոսել է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ:
«Տարեկան ունենալով մոտ 40-45 հազար հանդիսատես՝ Գյումրու թատրոնը չէր կարող չխոսել այդ թեմայի մասին: Թատրոնի յուրահատկությունն այն է, որ դու կարողանում ենք ժամանակի շնչով ապրել: Մենք ունենք նաև պատանի հանդիսատես, որին չենք կարող չդաստիարակել ռազմահայրենասիրական ոգով: Գլխավոր ռեժիսորի հետ խոսելիս ի սկզբանե հասկացանք, որ թիկունքի մասին պատմություն պետք է ստեղծենք, որովհետև հիշում եք՝ այդ օրերին թիկունքը որքան կարևոր էր ու ամուր: Ես անընդհատ համեմատություն եմ անում Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի հետ, որտեղ նույնպես պատմությունը թիկունքի մասին էր, բայց որքան պատերազմ կա, վառոդի հոտ կա այդ ֆիլմում։ Նույնն այստեղ է, մեկուկես ժամ հանդիսատեսը դահլիճում զգում է վառոդի հոտը: Ներկայացումը դիտել են նաև Ապրիլյան պատերզմի ժամանակ զոհված ու վիրավորված տղաների ծնողները: Ամեն ծնող ներկայացման մեջ գտնում է իր երեխային, ամեն մարդ գտնում է մի հերոսի, որին նմանեցնում է իր հարևանին կամ բարեկամին»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով` այս ներկայացման հանդեպ հանդիսատեսի ունեցած հետաքրքրությանը նպաստել է ոչ միայն ընտրված թեման, այլև ստեղծագործական խումբը, որն հավաքվել է նախագծի շուրջ:
Ամբողջությամբ՝ life.tert.am