Միայն 6-րդ դասարանցիների շրջանում անցկացված «Ընթերցման օլիմպիադա-2018»-ի առաջին տեղը գրավեց Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մկրտչյանը, երկրորդ հորիզոնականում հայտնվեց Երևանի թիվ 110 հիմնական դպրոցից Սոֆի Հակոբյանը, երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտ Հարություն Մելքոնյանը:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունիսի 27-ին:
«Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ընթերցանությանը, պետք է խրախուսենք այն: Այդ նպատակով մի շարք ծրագրեր ենք քննարկում` ցանկանալով երեխաներին հետ պահել անորակ հեռուստանովելներ դիտելուց, համացանցում երկար ժամանակ անցկացնելուց»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի խոսքով`մասնակից բոլոր աշակերտներն են հաղթել իրենց կամքի, աշխատասիրության նաև ընթերցանության շնորհիվ` ապացուցելով, որ ընթերցելը և գիրքը կարևոր են ու պատվաբեր այն միջավայրում, որտեղ գիրք կարդալը հաճախ չի խրախուսվում:
Օլիմպիադայի կազմակերպիչ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ օլիմպիադան իրականացնելու համար օգտվել են գերմանական փորձից: Գերմանիայում ասվում է, որ ընթերցանության մեջ ներդրված յուրաքանչյույր եվրոյի դեպքում երկրին երեսուն եվրո է վերադարձվում: Նա հույս հայտնեց, որ վերադարձի արդյունավետությունը կլինի նաև Հայաստանում:
Այս տարի օլիմպիադային մասնակցել է Հայաստանի ողջ տարածքից 2000-ից ավելի երեխա, հանրապետական փուլ է անցել 39 աշակերտ: Օլիմպիադայի համակարգող Մանուկ Նիգոյանը շեշտեց, որ հաղթող մասնակցին հնարավորություն կտրվի իր ծնողներից մեկի հետ ճամփորդել Հռոմում, առաջին տասը տեղը զբաղեցրած աշակերտները իրենց գրականության ուսուցիչների հետ կմեկնեն Արցախ: «Ցանկանում ենք` երեխաները հասկանան, որ ընթերցող աշակերտը հերոս է»,-եզրափակեց նա:
Միջոցառումն անցկացվեց «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ: