Սպիտակեղենի և սպիտակ իրերի կատարյալ սպիտակեցումը յուրաքանչյուր տնային տնտեսուհու երազանքն է: Ժամանակի ընթացքում սպիտակ իրերը դեղնում են կամ մոխրագույն դառնում, որն իրական խնդիր է դառնում: Չնայած՝ շատ տնային տնտեսուհիներ քիմիական միջոցներ են օգտագործում այս իրերը սպիտակեցնելու համար, այնուամենայնիվ, այս միջոցների բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը վնասում են կտորը, ինչպես նաև ցանկալի արդյունք չեն ապահովում:
Ինչպե՞ս վերականգնել հագուստի սպիտակությունը
Բարեբախտաբար, միշտ չէ, որ անհրաժեշտ է դիմել թանկարժեք միջոցների, քանի որ գոյություն ունեն մի շարք բնական միջոցներ, որոնք հանգիստ և արագ սպիտակեցնում են իրերը: Ամենաարդյունավետ միջոցներից մեկը կալիումի պերմանգանատն է:
Կալիումի պերմանգանատը կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից: Հագուստն արդյունավետ սպիտակեցնելու համար 10լ ջրի մեջ լցրեք կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղիկ: Սպասեք, մինչև ամբողջը լուծվի և վարդագույն դառնա: Չափից շատ կալիումի պերմանգանատ օգտագործել պետք չէ, քանի որ ջուրը մուգ մանուշակագույն կդառնա: Ապա ջրի մեջ թրջեք ձեր հագուստը: Լավ խառնեք և լվացքի տարայի բերանը ծածկեք: Թողեք մնա 4-5 ժամ: Կարող եք թողնել այն ամբողջ գիշեր:
4-5 ժամ անց կամ հաջորդ առավոտյան շորերը հանեք տարայից, քամեք ջուրն ու սովորականի պես լվացեք հագուստը: Կարող եք նաև գործողությունից առաջ լվանալ շորերը:
Անհրաժեշտության դեպքում մի քանի անգամ կրկնեք պրոցեդուրան, քանի դեռ ցանկալի սպիտակություն չեք ստացել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը