Երեխաների առողջության համար պատասխանատու են բոլորը՝ մանկապարտեզներից մինչև երկրի ղեկավարություն. ՀԿ ղեկավար
Advertisement 1000 x 90

Երեխաների առողջության համար պատասխանատու են բոլորը՝ մանկապարտեզներից մինչև երկրի ղեկավարություն. ՀԿ ղեկավար

Հանրակրթական հաստատություններում վերջերս տեղի ունեցած երեխաների թունավարման դեպքերը մեկնաբանելիս պետական պաշտոնյաները խոսում են դրամատիկական թատրոնի դերասանների լեզվով: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրան խոսքով՝ պատասխանատուները սահմանափակվում են միայն «դա սարսափելի է», «դա անընդունելի է» տիպի բացականչություններով, սակայն թունավորումների պատճառների հայտնաբերման և նման միջադեպերի կանխման կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում:

«Մինչդեռ երեխաների առողջության համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը՝ մանկապարտեզների և դպրոցների անձնակազմից սկսած՝ ընդհուպ երկրի ղեկավարությունը: Անպատժելիություն, վերահսկողության բացակայություն՝ ահա թունավորումների այդքան հաճախակի դեպքերի պատճառները»,- նշեց Արմեն Պողոսյանը:

ՀԿ ղեկավարին վրդովում է այն, որ պատասխանատու մարմինները այս միջադեպերի պատճառները և մանրամասնները լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար ամբողջությամբ չեն բացահայտում: Մինչդեռ, նրա կարծիքով, խնդիրը համակարգային բնույթ ունի և համակարգային փոփոխություններ է պահանջում՝ հանրության հետ համագործակցությամբ:

«Ստացվող բոլոր տագնապալի հաղորդումները պետք է վերլուծվեն, հանրային կարծիքի անտեսման դեպքում խնդիրը երբեք չի լուծվի: Այն ժամանակ, երբ թունավորված երեխաները հոսպիտալացված են, պաշտոնյաներն ասում են, որ զանգերի միջոցով ստացվող ահազանգերի մեծամասնությունը կարող է կեղծ լինել»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Նա սննդամթերքի անվտանգության ոլորտում հսկողության մեկ այլ խնդիր է համարում պատասխանատու մարմիններում աշխատող անձանց ոչ բանիմացությունը, որոնք որոշումներ են ընդունում՝ ընդհուպ մինչև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավարի նշանակում, մասնագետների հետ չխորհրդակցելով, գաղտնի և ոչ հրապարակային:

ՀԿ ղեկավարը նաև կարծում է, որ ՍԱՊԾ իրավասություններն ու գործառույթները պետք է հստակեցվեն և ընդլայնվեն. օբյեկտներ այցելող տեսուչները փաստացի անաշխատունակ են:

Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է գոնե օրենքին հետևել և հանրակրթական հաստատություններում երեխաներին տրամադրվող սննդամթերքի նմուշները պահել 48 ժամ՝ սա անհրաժեշտ է  թունավորումների դեպքում լաբորատոր հետազոտությունների համար:

«Հույս ունեմ, որ նոր կառավարությունն այս հարցով լրջորեն կզբաղվի և որպես սկիզբ գոնե կարձագանքի այս միջադեպերը պարզելու խնդրանքով իմ նամակին»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից Հայաստանում գրանցվել է աղիքային ինֆեկցիաների դեպքերի աճ, դեպքերի մեծ մասը՝ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում:

med.news.am