Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանին լսարանը ճանաչեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալով` Սոսեի կերպարով։ 23-ամյա դերասանուհին նշանված է։ Սիրելին` Հայկ Առաքելյանը, նրանից մեծ է 10 տարով, սակայն դա նրանց չի խանգարում։ Տիրուհին Tert.am Life-ի հետ խոսել է իրենց սիրո պատմության, տարիքային տարբերության, հարաբերությունների և սպասվող ամուսնության մասին։
Հարաբերությունների սկիզբը
Տիրուհին և Հայկը նույն բակից են, սակայն շփում, որպես այդպիսին, չեն ունեցել, քանի որ տարիքային տարբեր խմբերից են։ Նրանց առաջին ծանոթությունը եղել է տարիներ առաջ, իսկ շփումը սկսվել է 2016-ից։
«Երբեք մտքովս չի անցել, որ մեր միջև կարող է ինչ-որ բան սկսվել։ Հայկն իմ մեծ քրոջ ընկերներից էր։ Փոքր էի, երբ քույրս ծանոթացրեց մեզ, երևի, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց, թեև այդ ժամանակ ոչ իմ, ոչ էլ իր կողմից զգացմունք չկար։ 2016-ի աշնանը նորից ընդհանուր հանդիպում եղավ, սկսեցինք շփվել ու սիրահարվել։ Քանի որ մոտ էինք ապրում, այնպես էր ստացվում, որ ամեն օր տեսնվում էինք։ Մեր պատուհանն ուղիղ նայում էր իրենց պատուհանին, երբեմն պատուհանից պատուհան էինք շփվում` մնջախաղով։ Այդպես էլ մտերմացանք, հետո մտերմությունը վերածվեց սիրո։ Նա իմ սիրտը գրավեց իր նրբանկատությամբ»,- պատմեց Տիրուհին։
Սիրո խոստովանությունը
Հայկն իր սիրո խոստովանությունն արել է օնլայն հարթակում` սիրելիին ստիպելով 30 րոպե լսել իր սրտի խոսքը։ «Whatsapp–ով ձայնային հաղորդագրություն ստացա, տևողությունը 30 րոպե էր։ Այդպես 30 րոպե լսում էի իր խոստովանությունը։ Ես սպասում էի նման խոստովանության։ Երբ լսեցի այն, մտքումս ասացի` ահա՜,– հիշեց երիտասարդ դերասանուհին, որն իր խոստովանությունն ավելի ուշ է եղել։ -Չեմ հիշում, թե երբ եմ արել իմ սիրո խոստովանությունը, բայց հաստատ ավելի ուշ էր։ Կարծում եմ` իր հետ շփումը պահելով արդեն իսկ ցույց էի տալիս, որ ես էլ անտարբեր չեմ»։
Տիրուհին փորձեց Հայկից պարզել, թե երբ է առաջին անգամ սեր խոստովանել նրան, սակայն սիրելին ևս չմտաբերեց։
Տարիքային տարբերության ազդեցությունը
Տիրուհին վստահեցնում է` տարիքային տարբերությունը որևէ կերպ չի ազդում իրենց հարաբերությունների վրա։ «Ես չեմ զգում, որ նա ինձանից մեծ է, հետաքրքրությունների տարբերություններ չունենք։ Գուցե, ուրիշները 33 տարեկանում այդքան ակտիվ չլինեն, սակայն ինքը, կարծես, իմ տարիքի լինի։ Ես մեզ համարում եմ կյանքով լի զույգ։ Հայկի` ինձանից մեծ լինելը կարող եմ զգալ միայն ավելի ճիշտ խորհուրդներ ստանալով, բայց նա չի փորձում ինձ ավելի հասուն դարձնել, փոխել։ Սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Երբեմն, կարող եմ երեխայություններ անել։ Օրինակ` շատ ցրված եմ, կարող է հեռախոսս կամ անձնագիրս մոռանամ ինչ–որ տեղ, ուտելիս թափեմ կողքերս, բայց նա դրան ժպիտով է վերաբերում։ Ուղղակի ուշադիր է, որ իրերս ինչ-որ տեղ չմոռանամ։ Միայն այդ դեպքերում է զգացվում իմ երեխայությունն ու իր հետևողական լինելը»,- ասաց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am