Նա աչքի է ընկնում իր յուրահատուկ ու մշտապես հակասական արձագանքի արժանացող ֆիլմերով: Քննադատների մի մասն ասում է, որ նա հանճարեղ կինոնկարներ է ստեղծում, մյուս մասն էլ կարծում է, թե նրա կինոն ոչ մի արժեք չունի: 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ ևկինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկին, ով հուլիսի 10-ին այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և այստեղ պատասխանեց կենտրոնի ուսանողների ու հյուրերի հարցերին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Արոնոֆսկու հետ հանդիպման ուշագրավ դրվագները:
Արոնոֆսկին՝ իր սիրելի ֆիլմերի մասին
Իմ ֆիլմերն իմ երեխաների պես են, չգիտեմ որն է ամենասիրելին: Ես նաև երեխա ունեմ, և իմ երեխային սիրում եմ ավելի շատ, քան ֆիլմերս: Ինչպես երեխաների, այնպես էլ ֆիլմերի մոտ բաներ կան, որոնք հավանում ես, բաներ կան, որոնք չես հավանում: Այս պահին իմ ամենասիրելի ֆիլմը «Մա՛յրն» է , որովհետև ամենավերջինն է:
Ինչպես են ծնվում ֆիլմերը
Ես համոզված չեմ կարող ասել, թե ինչպես են ձևավորվում իմ ֆիլմերը: Դրանք իմ ներսից են հայտնվում: Երբ ֆիլմն արդեն ստեղծված է, մարդիկ գրում են կինոնկարներիս մասին, և ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի ֆիլմը նրանց համար: Ֆիլմերս յուրաքանչյուր մարդու համար տարբեր իմաստ ունեն: Որոշ մարդիկ ընկալում են դրանք, որոշները՝ ոչ այնքան: Կարևորը՝ անկեղծ լինես ֆիլմ դիտողի հետ:
«Մա՛յրը» ֆիլմի ու առաջացրած հակասական արձագանքի մասին
Մենք գիտեինք, որ «Մա՛յրն» ստեղծելիս շատ ագրեսիվ ենք մեր լսարանի նկատմամբ: Ֆիլմի հիմքում լուրջ մտահոգություն է ընկած: Բավականին շատ մարդիկ պարզապես չեն ցանկանա դիտել այն: Ես կռահում էի, թե ինչ արձագանք կլինի ֆիլմի նկատմամբ նախքան նկարահանումը: Եվ պատրաստ էի այդ արձագանքին: Սակայն արձագանքը վերապրելն այլ բան է:
Գիտեք, երբ դու արվեստ ես արարում, դու բացվում ես, սիրտ ես ներդնում: Կարծում եմ, որ արվեստի արարումը սիրո գործողություն է:
Քննադատությունը շատ կարևոր բան է: Ֆիլմի ստեղծումը շատ մեծ համարձակություն է պահանջում: Կարևոր է հիշել, որ միշտ մարդիկ կլինեն, ովքեր լավ չեն ընկալի ձեր արվեստը: Եվ դա նորմալ է:
Ամեն օր աշխատելը սարսափելի է
Ամեն օր ստիպված ես աշխատել: Դա սարսափելի է:
Մարդը, որը չունի կասկածներ, իմաստությունից զուրկ է: Աշխարհի յուրաքանչյուր արվեստագետ հսկայական կասկածներ ունի: Դա է, որ մեզ ստիպում է շատ լարված ու ծանր աշխատել: Գրկաբաց ողջունե՛ք վախերը և պայքարե՛ք դրանց դեմ:
Աշխատանք հայտնի դերասանների հետ
Յուրաքանչյուր դերասան ունի իր մոտեցումը, ոճը, կարիքները: Ռեժիսորի պարտականությունն է համապատասխան պայմաններ ստեղծել, որ դերասանը լավ, ապահով զգա և կարողանա ինքնարտահայտվել: Այնքան շատ դերասաններ կան, որոնց հետ հեշտ է եղել աշխատել, բայց ավելի շատ են այն դերասանները, որոնց հետ դժվար է աշխատելը: Նատալի Փորթմանը, Ջենիֆեր Լոուրենսը, Միշել Պֆայֆերը. այս դերասանուհիների հետ հեշտ է եղել աշխատել, կանայք են: Տղամարդ դերասանների հետ ամեն ինչ այլ է:
Կրոնական թեմաներով ֆիլմեր նկարելու ու կրոնի մասին
Հին կտակարանը ամբողջ մարդկության հարստությունն է: Երեք հիմնական կրոնների առանցքն է, մեր ժամանակակից քաղաքական և իրավական համակարգերի հենասյուներից մեկը: Այն իր մեջ պարունակում է երբևիցե պատմված լավագույն պատմությունները:
Ինձ համար կարևոր չէ՝ դեպքը տեղի ունեցե՞լ է, թե ոչ: Կարևոր է, թե ինչպես է այն կապված այսօրվա հետ:
Խորհուրդ երիտասարդ հեղինակներին
Պատմե՛ք այն պատմությունը, որ միայն դուք կարող եք պատմել: Եթե անձնական պատմություն եք պատմում, և այն ճշմարտացի է, դրա լսարանը հաստատ կգտնվի: Եղե՛ք հետևողական: Ձեզ շատերը կասեն՝ գնա այստեղից: Պետք է շարունակել հավատալ սեփական պատմությանը: Ստեղծե՛ք ընտանիք, հավաքե՛ք մարդկանց, ովքեր կիսում են ձեր երազանքը և պատրաստ են աջակցել: Շատ ծանր, լարված աշխատե՛ք: Ժամանակը շատ արագ է անցնում, պետք է հստակ իմանալ՝ ինչ եք անում:
Կարծում եմ, որ եթե մարդը փորձում է ինչ-որ բան անել, որն իմաստ ունի իր և աշխարհի համար, գործն ավելի հեշտ է դառնում:
Դարեն Արոնոֆսկին մանկուց աչքի է ընկել արտիստիզմով. դասական ֆիլմեր էր սիրում և պատանեկան հասակում նույնիսկ գրաֆիտիով է զբաղվել: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսրան կինո ուսանելու (և՛ խաղարկային կինո, և՛ անիմացիա): Մի շարք մրցանակների է արժանացել իր ավարտական աշխատանքի՝ «Սուպերմարքեթի մաքրումը» ֆիլմի համար: Շոն Գուլեթի մասնակցությամբ ստեղծված այս կարճամետրաժը հայտնվել է Ազգային ուսանողական կինոակադեմիայի մրցանակաբաշխության եզրափակիչում: Արոնոֆսկին խաղարկային ֆիլմ չի նկարահանել, մինչև որ հինգ տարի անց՝ 1996-ին չմտահղացավ «Պի»-ն (1998): Երբ սցենարն արժանացավ ընկերների մեծ գովեստին, նա անցավ նկարահանմանը: «Պի»-ն վերամիավորեց Արոնոֆսկուն և Գուլեթին, ով ստանձնեց ֆիլմի գլխավոր դերակատարումը: Հետևեցին Արոնոֆսկու մյուս հաջողությունները՝ «Երազանքի ռեքվիեմը» (2000), «Ըմբիշը» (2008), «Սև կարապը» (2010), «Նոյը» (2014): Նրա վերջին աշխատանքը «Մա՛յրն» է (2017):
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի