Հայկական «Rec-Time» կինոընկերությունը, որը հանրությանը ճանաչելի դարձավ 2014թ-ին՝ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմով, շուտով ևս մեկ աշխատանք կներկայացնի հանդիսատեսին. «Ժամանակն է» վերնագրով նոր ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մեծ ողբերգության մասին:
Դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի հիմքում: Ֆիլմի հերոսը դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց նա վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար տեսնել մարդասպաններից:
«Այս ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որում ցույց ենք տալու, որ մենք չենք մոռացել ու չենք էլ մոռանալու մեր անցյալը, բայց միևնույն ժամանակ հպարտ առաջ ենք գնալու, ավելի հզոր և անկոտրում ենք լինելու, քան կանք: Նկարահանումները սկսել ենք դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, այնուհետև շարունակեցինք Ռուսաստանում և Հայաստանում: Վերջնամասը մտադիր ենք նկարահանել Վրաստանում և Թուրքիայում», – Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանը, ով մարմնավորում է նաև ֆիլմի առանցքային հերոսներից մեկին:
Ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Կամո Ունանյանը: Դերասանական կազմում ներգրավված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյան, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը (Մեծ Հայք), Ադրիանա Գալստյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լևոնյանը և այլք: