Գոտկատեղում ցավն առաջանում է գրգռվածության կամ ողնաշարում դեգեներատիվ պրոցեսների հետևանքով։ Միջողնային սկավառակի դեգեներատիվ փոփոխություններ, հոդերի հիվանդություններ, ճողվածքներ… խնդիրներ, որոնք ևս կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։ Սրանք արդեն բժշկական հսկողության կարիք ունեն։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր չէ մոռանալ այն մասին, որ որոշ սովորություններ կարող են օգնել խուսափել կամ հանգստացնել տհաճ ցավը, որն արդեն իսկ առաջացել է։
Հետևեք կեցվածքին։ Հնարավոր է՝ չեք էլ մտածում այն մասին, որ հարկավոր է ճիշտ կեցվածք ունենալ ցանկացած իրավիճակում՝ հանգստանալիս, նստած, պառկած, քայլելիս, և այլն։ Օգտակար սովորություն, որը կօգնի նվազեցնել գոտկատեղում ցավի առաջացման հավանականությունը։
- Մեջքը միշտ ուղիղ պահեք։ Նստած դիրքում այն պետք է հենված լինի աթոռի հետևի հատվածին։
- Մի մոռացեք մեջքն ուղիղ պահել քայլելու ընթացքում։ Գլուխը մի կախեք։
Ֆիզիկական վարժություններ։ Նստակյաց կենսակերպն ուղղակի կապ ունի գոտկատեղի ցավի և հոդերի հիվանդությունների հետ, որոնք դեգեներատիվ փոփոխությունների պատճառ են դառնում։ Թեև հանգիստը կարող է օգնել թուլացնել ցավը, պարբերական ֆիզիկական վարժությունները պրոֆիլակտիկայի լավագույն տարբերակն են։
- Շաբաթվա ընթացքում 3 օր, նվազագույնը 30 րոպե հատկացրեք ֆիզիկական վարժություններին։
- Համադրեք կարդիովարժություններն ու մկաններն ամրացնելու համար նախատեսված վարժությունները։
- Խորհրդակցեք բժշկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարո՞ղ եք լողով զբաղվել։
Շնչառական տեխնիկաներ կիրառեք։ Սրանք պարզ վարժություններ են, որոնց շնորհիվ օրգանիզմը թթվածին է ստանում։ Այս վարժություններն օգնում են ոչ միայն՝ լավացնել ինքնազգացողությունը, այլև՝ կարգավորել էմոցիոնալ վիճակը։
- Եթե գոտկատեղի ցավը սթրեսի հետևանք է, փորձեք հանգիստ վայր գտնել՝ շնչառական տեխնիկա կիրառելու համար։
- Ռիթմիկ շնչեք 5 րոպեի ընթացքում։
Հետևեք քաշին։ Ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են ողնաշարի ցավի, միջողային սկավառակների հյուծվածության և այլ քրոնիկ խնդիրների պատճառ դառնալ։ Ավելորդ քաշը լուրջ ծանրաբեռնվածություն է մկանների, հոդերի համար։
- Առողջ սնվելու պլան մշակեք, նվազեցրեք օգտագործվող վատ ճարպերի, շաքարի քանակը։
- Շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ ֆիզիկական վարժություններ արեք։
- Դիմեք բուժող բժշկին՝ հասկանալու համար՝ արդյոք ավելորդ քաշը կապվա՞ծ է առողջական այլ խնդիրների հետ։ Բացի սխալ սննդից՝ ավելորդ քաշի պատճառ կարող են դառնալ նաև նյութափոխանակության խանգարումը, վահանաձև գեղձի և այլ հիվանդությունները։
Մի ծխեք։ Ծխախոտը լուրջ վտանգ է ոչ միայն՝ շնչառական օրգանների համար, այլև՝ առաջացնում է արյան շրջանառության խանգարում, ինչի արդյունքում գոտկատեղի հատվածում գտնվող մկանները քիչ թթվածին են ստանում։ Ծխախոտը տոքսիններ է պարունակում, որոնք հյուսվածքներում դեգեներատիվ փոփոխություններ են առաջացնում, ինչն ապագայում կարող է հանգեցնել միջկողային սկավառակների դեգեներացիայի։
- Որքան հնարավոր է՝ շուտ դադարեք ծխել։
- Բնական թուրմեր և թեյեր խմեք, որոնք կօգնեն ազատվել ծխախոտային կախվածությունից։
Հոգ տարեք առողջ քնի մասին։ Քնի ընթացքում իրանի և գոտկատեղի հատվածի մկանները հանգստանում են, մկաններին թթվածին է մատակարարվում։
- Աշխատեք օրվա ընթացքում քնել նվազագույնը 7-8 ժամ։
- Հիշեք, որ առողջության համար կարևոր է նաև մարմնի դիրքը քնի ընթացքում։
Վեր բարձրացրեք ոտքերը։ Սա կօգնի ոչ միայն հանգստացնել ողնաշարը, այլև ակտիվացնել արյան շրջանառությունը վերջույթներում։ Այս պարզ վարժությունն օգնում է հանգստացնել բորբոքումը, մկանային լարվածությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը