Եթե եկամտահարկը իջեցնում ենք, շահութահարկը չենք իջեցնում` ստվերը մի տեսակից մեկ այլ տեսակով ենք փոխարինում. Դիանա Գալոյան. tert.am
Advertisement 1000 x 90

Եթե եկամտահարկը իջեցնում ենք, շահութահարկը չենք իջեցնում` ստվերը մի տեսակից մեկ այլ տեսակով ենք փոխարինում. Դիանա Գալոյան. tert.am

Եկամտահարկի իջեցումը պետք է պարտադիր համադրելի լինի նաև շահութահարկի իջեցման հետ: Եթե մենք եկամտահարկը իջեցնում ենք, շահութահարկը չենք իջեցնում, մենք ստվերը մի տեսակից մեկ այլ տեսակով կփոխարինենք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը:

«Եթե եկամտահարկը շատ իջեցվի, և շահութահարկը, ըստ դրա, չիջեցվի, արդյունքում ձեռնարկատերերը, օրինակ, մեկի վրա կգրեն 10 մլն դրամ աշխատավարձ, և շահույթը դրանով կփակեն: Այսինքն, շահույթը ցույց չեն տա, աշխատավարձի վրա կգրեն, հետո այդ մարդու հետ պայմանավորվածության կգան և նրանից կվերցնեն իրենց շահույթի մի մասը: Այսինքն, ստվերը կամ այսպես կոչված` «սև հաշվապահությունը» մենք մի տեղից մյուս տեղ ենք տեղափոխում: Սա էական փոփոխության չի բերելու»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ չի կարելի եկամտահարկը տարանջատել շահութահարկից. եկամտահարկի ցանկացած փոփոխություն պետք է նաև համադրելի լինի շահութահարկի հետ:

«Հարկերի ֆիսկալ ֆունկցիայից բացի, մենք պետք է անդրադառնանք նաև հարկերի կարգավորիչ ֆունկցիային, և մեր հիմնական նպատակը պետք է լինի հաշվարկներով ցույց տալ, թե որքան ստվեր մենք դուրս կբերենք, եթե մենք իջեցնենք հարկերը, սա է ամենակարևոր հարցը: Իսկ եթե մենք եկամտահարկը իջեցնում ենք, շահութահարկը չենք իջեցնում, մենք ստվերը մի տեսակից մեկ այլ տեսակով կփոխարինենք»,- ասաց Դիանա Գալոյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց եկամտահարկի առաջարկվող մի քանի տարբերակներ։ Նախ` վարչապետն առաջարկեց հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ՝ մինչև 250 հազ. ստացողները կհարկվեն 20% դրույքաչափով, 250 000–ից ավելի ստացողները՝ 25%-ով:

Դիանա Գալոյանի խոսքով՝ տոկոսադրույքների այսքան իջեցումը մինչև 250 հազար ստացողների պարագայում մեծ տարբերություն չի տալու, բայց 250-ից ավելի աշխատավարձ ստացողների պարագայում կլինի բավականին շոշափելի բարձրացում:

Կարծիքներ կան, որ սոցիալական անարդարության բաղադրիչ այն պարագայում, որ 250 հազար և 1 մլն կամ ավելի աշխատավարձ ստացողների նույն տոկոսադրույքով եկամտահարկ պետք է վճարեն: Դ. Գալոյանի կարծիքով՝ ՀՀ-ում 1 կամ 2 մլն աշխատավարձ ստացողների թիվը քիչ է, և այն մեծ ազդեցություն չի ունենա բյուջեի եկամուտների վրա. «Կարելի է գնալ երկմակարդակ հարկային տոկոսադրույքի ճանապարհով, բայց համահարթեցումը, որ 23 տոկոս պետք է լինի, այդտեղ սոցիալական անարդարության խնդիրը կլինի:

Նաև ուզում եմ հասկանալ՝ 20-25 կամ միասնական 23 թվերը որտեղից են վերցված, արդյոք կան համապատասխան ֆինանսիստների կողմից կատարված հետազոտություններ, որոնք այս կամ այն կերպ հիմնավորում են հենց այդ թվերը, միգուցե, 21 տոկոսն է ճիշտ: Կան գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ կարելի է դիմել այս հետազոտություններն իրականացնելու համար»,- ասաց տնտեսագետը:

tert.am