Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով դատավարությունը մի քանի անգամ հետաձգվել է։
Դատարանը որոշել է հետաձգել Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցով գործը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Միխայիլ Ավագյանը։
Թանդոյանց եկեղեցու գործով լսումները պետք է տեղի ունենային մայիսի 1-ին, բայց տեղափոխեցին հունիսի 7-ին։ Այդ օրվա փոխարեն լսումները կայացան հունիսի 14-ին։ Դատական նիստը նշանակվեց 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, բայց երեկ էլ հետաձգվեց։
«Երեկվա նիստի ժամանակ դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 16-ը։ Դատավոր Նանա Դարասելիան հայտնեց, որ երկու կողմերի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր, նոր հանգամանքներ են ի հայտ եկել, նաև վրացական կողմի փաստաբանն է փոխվել»,- ասաց Ավագյանը։
Նրա խոսքով` գործի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել նաև հայկական կողմը։ Դատարանին այդ հանգամանքները քննելու համար ժամանակ է հարկավոր։
Ավելի վաղ հակասական տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Թանդոյանց եկեղեցու տարածքում վրացական պատրիարքարանը շինարարական աշխատանքներ է նախաձեռնել։ Ավագյանը հերքեց այդ լուրը։
«Ես եղել եմ այնտեղ, ինքս եմ համոզվել, որ ոչ մի աշխատանքն էլ չկա»,- պարզաբանեց Ավագյանը։
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն արդեն կես տարի է` դատարանում վիճարկում է Վրաստանի իշխանությունների` եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցուն փոխանցելու մասին որոշումը։
Թանդոյանցի դատական գործով հայցվորը Հայ առաքելական եկեղեցին է, պատասխանող կողմը` Վրաստանի պետական ռեեստրում գրանցումներ իրականացնող մարմինը։ Հայկական եկեղեցին դատարանում ներկայացնում են Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) ու մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնի (EMC) իրավաբանները։ 4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։
Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ից եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական նպատակներով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, բայց ապարդյուն։