Գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, որը գտնվում է Ապագա գյուղի մշակույթի տանը, բարվոք վիճակում չէ և հիմնանորոգման կարիք ունի: Այն վերականգնելու նպատակով անհրաժեշտ գումար ձեռք բերելու համար սեպտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը:
Համերգային ծրագիրը կիրականացվի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի, Հանրային ռադիոյի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Վահան Արծրունու աջակցությամբ:
«Այս համագործակցությունը շատ արագ և կառուցողական ստացվեց: Կարող էինք այս գործընթացը թողնել հաջորդ տարվան և նախարարության միջոցներից նույնպես գումար հատկացնել որմնանկարի ամբողջական վերականգնմանը, սակայն որոշեցինք օր առաջ փրկել այն և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն իրենց ներդրումը կունենան մեր արվեստը փրկելու գործում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նա ընդգծեց, որ կարևոր է արվեստի մի ճյուղի միջոցով մեկ այլ ճյուղին օգնելը:
Նկարչի դուստրը՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն ասաց, որ Ապագա համայնքի ղեկավարությունը տարիներ շարունակ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի այն աջակցի որմնանկարի վերականգնմանը, քանի որ որմնանկարը գյուղի բնակիչների սիրելի գործն է: Նրանք այդ պատկերն ընկալում են որպես իրենց պատմության խտացում և ժամանակին կարողացել են պաշտպանել այն Խորհրդային իշխանությունների` «ազգայնական» բովանդակությամբ նկարը ոչնչացնելու որոշումն իրականացնելուց:
«Հինգ տարի առաջ մեկնեցի Ապագա, տեսա նկարը, և պետք է խոստովանեմ, որ այն ողբալի վիճակում չէր, բայց անհապաղ պետք էր վերականգնել: Դիմեցի նախարարություն, և պարզվեց, որ այնտեղ անգամ չգիտեն որմնանկարի գոյության մասին: Փաստաթղթեր պատրաստվեցին և նկարը ներառվեց «Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձաններ»-ի ցանկում:
Նախարարի խոսքով` ինքն առիթ է ունեցել նկարի վերականգնման մասին խոսել իտալահայ մասնագետ Արա Պաոլո Զարյանի հետ, ով այն ուսումնասիրելուց հետո մշակել է որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Արա Պաոլո Զարյանը և Քրիստին Լամուղը վերականգնման աշխատանքներն իրականացնելու են անվճար, իսկ հանգանակված գումարը ծախսվելու է անհրաժեշտ նյութերի գնման, կեցության ու ճանապարհային ծախսերի վրա:
«Համերգային ծրագիրն առանց ընդմիջման կանցկացվի: Կհնչեն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ստեղծագործություններ»,- շեշտեց «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:
Սարգիս Մուրադյանի 1974 թվականին ստեղծած «Սասունցիներ» որմնանկարը ԽորհրդայինՀայաստանում մոնումենտալ նկարչության կերպարային խորը, գեղարվեստական արտահայտիչլեզվով օժտված բարձրարվեստ աշխատանքներից է:
Որմնանկարում պատկերված են ոչ թե կոնկրետ իրադարձություններ, այլ այլաբանական, ընդհանրացնող, խորհրդանշանի ուժով օժտված պատկերներ: Եռամաս կոմպոզիցիայիկենտրոնական ֆիգուրը` մանկանը գրկած մայրը, պատկերված է հայրենի տունը պաշտպանելուվճռականությամբ: Խորհրդանշական են առաջին պլանում դեպի հանդիսատեսը բացված«Սասնա ծռեր» մագաղաթյա մատյանը, մանկան օրորոցին հենած հրացանը, խաչքարն ու հայավանդական ճարտարապետական կոթողի ուրվագծերը:
Ձախից մարտի տեսարան է, որի հերոսներից մեկը զորավար Անդրանիկն է: Որմնանկարի աջմասի տեսարանում զինվորները կռվից հետո իրենց ուսերի վրա տանում են զոհված ընկերոջ` Գևորգ Չաուշի դին: