Ոչ առողջ մթերքների (օրինակ՝ համբուրգերների) գործածումից հրաժարվելը կարող է մարդու մոտ առաջացնել զրկանքի կամ աբստինենտային համախտանիշ: Այս վիճակը նման է «լոմկային», որը թմրամոլները զգում են թմրանյութերից հրաժարվելուց հետո առաջին օրերին:
Ինչպես հայտնում է Appetite ամսագիրը, հետազոտության ընթացքում ուշադրության կենտրոնում էին վերամշակման բարձր աստիճանով մթերքները: Դրանց թվում էին՝ թխվածքները, ֆրի կարտոֆիլը և պիցցան: Գիտնականները հատուկ մեթոդ են մշակել ֆիզիկական և հոգեբանական աբստինենտային ախտանիշների չափման համար: Դրանից հետո նրանք հարցում են անցկացրել 231 մարդկանց շրջանում՝ պարզելու նրանց զգացողությունները վերամշակված մթերքների գործածման կրճատումից հետո (նախորդ տարվա համեմատությամբ):
Պարզվել է, որ այնպիսի զգացումները, ինչպիսին են թախիծը, գրգռվածությունը, հոգնածությունը և արգելված մթերքները կրկին համտեսելու ցանկությունը բարձրակետին են հասել ոչ առողջ սնունդ օգտագործել դադարելուց հետո առաջին 2-5 օրերին: Այնուհետև այս զգացողություններն աստիճանաբար վերացել են, որը նման է թմրանյութեր օգտագործելուց հետո աբստինենցիայի վիճակին:
Այսպիսով, գիտնականների կարծիքով՝ աբստինենցիայի ախտանիշները կարող են դժվարացնել սնվելու ռեժիմում փոփոխությունների կատարումը՝ նպաստելով մարդու վերադարձին ոչ առողջ սնունդով սնվելու սովորությանը: Ընդ որում՝ որոշակի մթերքներից կախվածությունը նման է թմրամիջոցներից, ծխախոտից կամ ալկոհոլից կախվածությանը: