Յորքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտության հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով ունակ է իր հիշողության մեջ պահել մինչև 5 հազար դեմք: Այդ թվի մեջ մտել են այն մարդկանց կերպարները, որոնց կարելի է հանդիպել հասարակական տրանսպորտում, փողոցում, հեռուստահաղորդումների ժամանակ, սմարթֆոններում, թերթերում, հանդեսներում և գովազդային վահանակներին, նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է բրիտանական Prоceedings of the Royal Society մասնագիտացված հանդեսի վերջին թողարկման մեջ:
«Առօրյա կյանքում մենք ունենք ազգականներին, ընկերներին, ծառայակիցներին, շոու-բիզնեսի աստղերին և բազմաթիվ այլ մարդկանց հեշտությամբ նույնականացնելու ունակություններ մեզ հայտնի այս կամ այն պատճառներով,- նշում է համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտական աշխատակից, ծրագրի ղեկավար Ռոբ Ջենիքսը:- Բայց դժվար է հավատալ, թե մարդն իր ենթագիտակցության մեջ որքան շատ է նույնականացնում անծանոթ դեմքեր, որոնք ավելի վաղ իրոք չեն հանդիպել, իսկ նրանք կարող են լինել հարյուրավորներ ու հարյուրավորներ»: