Քիթը քչփորելու սովորությունը ոչ միայն տգեղ է, այլև անվտանգ չէ՝ ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, նախազգուշացնում են Liverpool School of Tropical Medicineի գիտնականները:
Նրանք 40 մարդու մասնակցությամբ նոր հետազոտության արդյունքները հրապարակել են European Respiratory Journal ամսագրում, որի ընթացքում պարզվել է, որ պնևմոկոկերը կարող են տարածվել քիթը քչփորելու ժամանակ. վտանգավոր բակտերիաներ, որոնք կարող են թոքաբորբի վտանգավոր տեսակ առաջացնել:
Ինչպես հայտնի է, պնևմոկոկերը տարածվում են օդակաթիլային ճանապարհով հազի կամ փռշտալու ժամանակ, սակայն հիմա նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք տարածվում են նաև քթի հետ ձեռքերի շփման դեպքում:
Ինչպես նշել է հետազոտության հեղինակ Վիկտորյա Քոննորը, պնևմոկոկային ինֆեկցիաները շատ վտանգավոր են, քանի որ առաջացնում են մի ամբողջ շարք հիվանդություններ, այդ թվում՝ թոքաբորբ, և աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկն են: Այս ինֆեկցիան ամեն տարի աշխարհում սպանում է մինչև 5 տարեկան մոտ 1,3 մլն երեխաների: Երեխաներից բացի, ռիսկի խմբի մեջ են մտնում տարեցները, քրոնիկական հիվանդություններով և թուլացած իմունիտետով մարդիկ:
Հետազոտության ընթացքում գիտնականները պնևմոկոկերով են աղտոտել 40 առողջ մեծահասակների ձեռքերը: Նրանցից ոմանց խնդրել են հոտոտել իրենց խոնավ ձեռքերը, դրանք թրջել են պնևմոկոկերով վարակված անձեռոցիկով: Մյուս խմբում ընդգրկված մարդիկ հոտոտել են իրենց ձեռքերը, որոնց վրա «չոր» բակտերիաներ էին դրել: Երրորդ խմբում ընդգրկվածները քիթը մատներով քչփորել են, որոնք թրջված էին բակտերիաներով հեղուկով, իսկ չորրոդ խմբում նույն բանն են արել, բայց չոր ձեռքերով:
Հտազոտությունները ցույց են տվել, որ պնևմոկոկերը հեշտությամբ քթի մեջ են հայտնվել բոլոր թեստային խմբերում, բայց ամենից շատ այն խմբերում, որտեղ տեղի է ունեցել «խոնավ» շփում՝ հավանաբար, այն պատճառով, որ բակտերիաները չոր միջավայրում սովորաբար ոչնչանում են:
Պնևմոկոկերով վարակվելը կանխելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ձեռքերը հաճախ լվանալ, մանկական խաղալիքները հաճախ մաքրել և ցանկալի է՝ քիթը չքչփորել: