Մարդու օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդում են ոչ միայն գենետիկ գործոններն ու նրա կենսակերպը, այլև որոշ այլ շատ գործոններ, որոնցից որոշների մասին մարդկանց մեծ մասը տեղյակ չէ: Այդպիսի գործոնների թվում են՝
Ճանապարհորդությունները
Ճանապարհորդությունները և թռիչքները ժամային այլ գոտիներ ազդում են մարդու օրգանիզմում մելատոնինի և կորտիզոլի մակարդակի վրա: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունից գինեկոլոգ Անիտա Միթրան պնդում է, որ ամենօրյա ռեժիմի, քնելու և արթնանալու ժամի նույնիսկ աննշան փոփոխություններն արդեն ազդում են օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա, իսկ ճանապարհորդությունների և անքուն գիշերների ազդեցությունն ավելի ակնհայտ է:
Մելատոնինի մակարդակի փոփոխությունն ազդում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա. առաջինների մոտ կարող են առաջանալ դաշտանային շրջափուլի խախտումներ, երկրորդների մոտ կարող է փոփոխվել արական հորմոն տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է ոչ միայն առնական արտաքինի, այլև օրգանիզմի մի ամբողջ շարք ֆունկցիաների համար:
Կոսմետիկա
Որոշ կոսմետիկ արտադրանքներում քիմիական նյութեր են պարունակվում, որոնք ազդում են հորմոնալ համակարգի աշխատանքի վրա: Որպես կանոն, այդ ազդեցությունը բացասական է: Վտանգավոր նյութերի թվում են՝ ֆորմալդեհիդը, կապարը, օկսիբենզոնը և շատ այլ նյութեր: Դրանք կարող են պարունակվել այնպիսի արտադրանքներում, ինչպիսին են շրթներկը, արևապաշտպան քսուքը, եղունգների լաքը և այլն:
Ցանկալի է այս նյութերից խուսափել, հատկապես եթե արդեն ունեք վահանաձև գեղձի խնդիրներ կամ էնդոկրինային այլ խանգարումներ:
Հակաբակտերիալ միջոցներ
Ձեռքերի համար հակաբակտերիալ ախտահանող միջոցներն այնքան էլ անվտանգ չեն, որքան կարող է ոմանց թվալ: Դրանց օգտագործումը կարող է խախտել մաշկի վրայի օգտակար և վնասակար բակտերիաների հավասարակշռությունը՝ թուլացնելով իմունային համակարգը: Կարծիք կա նաև, որ ախտահանող միջոցների բաղադրության մեջ մտնող տրիկլոզանը բացասաբար է ազդում վահանաձև գեղձի հորմոնների վրա և կարող է բերել հիպոթիրեոզի զարգացման:
Էլեկտրոնային սարքեր
Եթե երեկոյան նայեք լույս ճառագայթող էլեկտրոնային սարքին, ապա դա օրգանիզմում մելատոնինի մակարդակը կնվազեցնի, ինչն իր հերթին կխախտի քուն-առույգացում ցիկլը:
Հպումներ
Հորմոնների մակարդակի վրա զդում են նաև հպումներն ու գրկախառնությունները. դրանք ազդում են ռեցեպտորների վրա՝ ազատելով օկսիտոցին հորմոնը և նվազեցնելով օրգանիզմում սթրեսի մակարդակը: