«Դեռևս 2016-ին Տիկնիկային թատրոնում իմ բենդի հետ հանդես եկա «Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր» խորագիրը կրող համերգով, որի ժամանակ կատարեցի 16-17 երգ՝ ընթացքում ներկայացնելով նաև հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից, արդեն 2017-ին ավելի մասշտաբային համերգ կազմակերպելու մտահղացում կար, որի շրջանակներում պետք է այլ մասնակիցներ էլ լինեին: Մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Արմեն Ամիրյանի, արձագանքեց, մեզ միացավ Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Բավական հետաքրքիր էր, իսկ ամենամեծ երջանկությունը, որը կարող էր լինել այդ համերգին՝ Ազնավուրի ներկայությունն էր»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը հավելեց, որ ամենամեծ նվերն այն էր, որ իրենց Ազնավուրի հետ շփվելու բախտ վիճակվեց:
Հենց այդ համերգից հետո էլ որոշվել էր, որ դրանք պետք է շարունակական բնույթ կրեն, որոշում էր կայացվել, որ այս տարվա համերգը պետք է լինի Ազնավուրի ծննդյան օրը, սակայն հետո հասկացան, որ ավելի լավ կլինի համերգն անցկացնել հոկտեմբերին, քանի որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում պետք է լիներ նաև մեծն շանսոնյեն:
«Ցավոք սրտի, այս համերգն արդեն նվիրում ենք Շառլ Ազնավուրի հիշատակին: Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին»,- խոսելով սպասվող համերգի մասին՝ նշեց Հայկը:
Հայկ Պետրոսյանի խոսքով՝ փորձելու են այնպես անել, որ այս համերգը տարբերվի նախորդից, թեպետ, իհարկե, կան երգեր, որոնք պարզապես չեն կարող չհնչել:
«Նոր նվագախումբ է հավաքվել, մասնակիցների կազմն էլ այլ է: Այս տարի էլ բեմից կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից, որովհետև այնքան բան կարելի է նրա մասին պատմել, 94 տարիների ընթացքում իսկապես զարմանալի և շատ հետաքրքիր կյանք է ապրել: Ինձ համար նաև շատ կարևոր է, որ այս համերգին 5 տարվա դադարից հետո երևանյան բեմ է վերադառնում հայրս՝ Վարդան Պետրոսյանը: Նա վերադառնում է Ազնավուրի համար, ինչի կապակցությամբ ես շատ ուրախ եմ, վստահ եմ՝ ուրախ կլինեն նաև նրա երկրպագուները»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հայկն ասաց, որ նախորդ համերգի ամենահուզիչ հատվածներից մեկն այն էր, որ ելույթի վերջում Ազնավուրը հանդիսատեսի հետ ոտքի կանգնեց և ծափահարեց:
«Այդ պահին իրականացավ երազանքս, աչքերիս չէի հավատում: Երևի կյանքիս ամենահիշվող պահերից մեկն էր»,- հավելեց Հայկ Պետրոսյանը: