«Ա1+» հեռուստաընկերությունը յուրատեսակ նվեր է արել Երևանին: Նկարել է «Արարատի հայացքը» վերնագրով ֆիլմ, որը նվիրվում է 2800-ամյակը տոնող Երևանին։
Դեկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի օպերատոր և ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանն ասում է, որ մինչ այս ֆիլմը նկարելը, բազմաթիվ ֆիլմեր են դիտել Երևանի մասին. «8-10 ֆիլմ եմ նայել, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների, օրինակ, Մելիք-Ավագյանի ֆիլմերը` «Երևանն է խոսում», «Երևանի երազողները»: Այդ բոլորը նայելուց հետո հասկացա, որ ժամանակները փոխվել են, այսօր ուրիշ ֆիլմ է պետք, ուրիշ մտածողություն, ուրիշ տեմպոռիթմ, ուրիշ մատուցման ձև… Կարևորը ակադեմիականությունը չկորցնելն է, իսկ դա այն է, որ թափանցում է սիրտ և հոգի… Նաև կարևոր շեշտադրում ենք ունեցել, որ հուզի հանդիսատեսին»,- ասաց ռեժիսորը: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմը 35 րոպե տևողություն ունի, սակայն իրենք 60 ժամ նկարած նյութ ունեն, ու չի բացառվում, որ Երևանի մասին 12 մասանոց մեծ ֆիլմ պատրաստեն: Ֆիլմի վրա աշխատել են 9 ամիս, որից 8-ը նկարահանումներն են եղել: