Սերը, քաղաքը, Արարատը,«Ա1+»-ը. պրեմիերա. a1plus.am
Advertisement 1000 x 90

Սերը, քաղաքը, Արարատը,«Ա1+»-ը. պրեմիերա. a1plus.am

Երբ քաղաքի նկատմամբ սերը սաստիկ է, բոլոր դռները բացվում են։ Նույնիսկ երբ քաղաքը 2800-ամյա է, և շատ դռների կողպեքներն արդեն ժանգոտված են։ Հին ու նոր քաղաքամայրում մոտ ութ ամիս պտտվելով, մոլորվելով և վերարժեքավորելուց հետո՝ «Ա1+»-ի  ստեղծագործական խումբը հանդիսատեսի դատին հանձնեց «Արարատի հայացքը» ֆիլմը։

Սա ֆիլմ-էսսե է,- շեշտում կինօպերատոր, ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը՝ ընդգծելով. «Հիմա գլուխ չեմ գովում, ոչ էլ ռեկլամում եմ ֆիմը, ուղղակի այդպես ստացվեց. ինքը էտյուդ- ֆիլմից դարձավ ֆիլմ-էսսե։ Կինոյում չկա այդպիսի ժանր, գրականության մեջ կա»։

«Արարատի հայացքը» մի փնտրեք համացանցում, այս անգամ «Ա1+»-ի ֆիլմի հանդիսատեսը լինելու համար պետք էր նստաել ոչ թե համակարգչի առաջ, այլ կինոթատրոնում։

«Մոսկվա» կինոթատրոնի երեկոյան սեանսի ժամանակ մի քանի րոպե հնչող ծափերն ուղղված էին «Արարատի հայացքը» ստեղծողներին։  Նրանք, ովքեր Արարատի հայացքը զգացել էին կինոթատրոնի էկրանից, միջանցքում շարունակում էին քննարկումները և փոխանցում իրենց տպավորությունները։

«Իմն էր, ես էլ իրենն էի»,- ասում էի  կինոգետ Դավիթ Մուրադյանը, որի խոսքով՝ ֆիլմի շնորհիվ ինքը մանկությունից հասավ միջև հասունություն։

«Կար սեր.ամենակարևորը… Սերը հորդում էր, ամոթխած սեր  էր, կար ինքն իրեն չպարտադրող էներգիա, կուլտուրա և ասեղնագործած տեքստ, որը չէր ճնշում, չէր հարձակվում հանդիսատեսի վրա»,- տպավորությունները կիսում է նա։

«Արարատի հայացքը» «Ա1+»-ի նվերն է Երևանի 2800-ամյակի առիթով։ Դե հաջորդ 2800-ամյակին չէինք հասցնի,- կատակում է ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, որը նախագծի հեղինակն է, բայց, ինչպես ասում են ստեղծագործական խմբի անդամները, ցանկացած աշխատանք արել է՝ ռեժիսորությունից մինչև մեքենա վարել՝ լուսաբացին խմբին նկարահանման վայր հասցնելով։

«Ես ուզում եմ, որ դիտողը սիրի քաղաքը։ Երբ քաղաքացին սիրում է, քաղաքը սկսում  է ծաղկել, սերը տաքացնում է և բերում է այդ ծաղկմանը»,- նշում է Երևանը շատ սիրող Մեսրոպ Մովսեսյանը, որի համար տարբերություն չկա՝ ամոթխած, թե կրքոտ կսիրեն մայրաքաղաքը. կարևորը սիրեն։

Yerevan EveryDay-ի յութուբյան ալիքը ստեղծած Արմեն Վարդանյանը ասում է, որ միայն գիտակ մարդը կարող է հասկանալ՝ թե ինչքան մեծ աշխատանք է  արվել ութ ամսվա ընթացքում, ինչքան նրբություններ են ընդգրկվել ֆիլմում, որը տեսանելի չէ նույնիսկ ամեն օր Երևանում արթնացող մարդուն։

Երևանը պիտի զօրուգիշեր նկարես,որ որսաս դրանք և ներառես ֆիմում,- ասում է նա և իր տպավորությունները ամփոփում մի նախադասությամբ. «Ինձ շատ դուր եկավ»։

   ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատի հայացքը» ֆիլմը ստեղծել են  Մեսրոպ Մովսեսյանը, Վահագն Տեր-Հակոբյանը, Ռուզաննա Մկրտչյանը, Լիլիթ Բլեյանը,   Տիգրան Բաղինյանը, Արեգ Հակոբյանը, Վահագն Ստեփանյանը, Դավիթ Գրիգորյանը, և այլք։

a1plus.am