Ուսուցում՝ խաղերի միջոցով, զվարճանք, ճանաչողական էքսկուրս ու վիրտուալ տիրույթից դուրս մարդկային շփման խրախուսում. այս նպատակով մոտ երկու տարի առաջ որպես հոբբի ձևավորվեց «Դե» նախաձեռնությունը, որը զբաղվում է սեղանի ուսուցողական և ժամանցային խաղերի արտադրությամբ: Նախաձեռնության հեղինակը Stand up նախագծի անդամ Հայկ Մկրտչյանն է, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց նոր խաղերի մասին:
Հոկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը «Դե»-ն կներկայացնի ևս երեք նոր խաղ այս անգամ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար: Մուտքն ազատ կլինի 15:00-ից սկսած: «Պստո, արի խաղանք» խորագրով շնորհանդեսի նպատակը, Հայկի խոսքով, ոչ ֆորմալ միջավայրում տարբեր ոլորտի մարդկանց, երեխաներին ու նրանց ծնողներին մեկ հարկի տակ համախմբելն ու խաղային կրթության նոր մշակույթին հաղորդակից դարձնելն է:
Շնորհանդեսի ժամանակ նոր խաղերը տեղում կփորձարկվեն, կներկայացվի դրանց կառուցվածքն ու խաղալու եղանակները:
«Արդեն մեկ տարի է՝ մեր խաղային ուղղվածությունը փորձում ենք թիրախավորել հենց երեխաների համար, զարգացնել խաղային մշակույթը, ինֆորմացիան փոքրիկներին փոխանցել զվարճանքի միջոցով: Երբ ուսումնասիրում ես, թե ինչպես է այս ոլորտն աշխատում, աշխարհում ինչ ուղղվածություններ կան, հասկանում ես, որ եթե նախկինում ինֆորմացիան կազմում էր խաղերի 80 տոկոսը, ապա հիմա ինֆորմացիան փոխանցելու համար մեկ նախապայմանը պետք է լինի զվարճանքը: Երեխայի մոտ երբեք չպետք է լինի այն գիտակցումը, որ իրեն ստիպում են նստել ու ինչ-որ բան սովորել: Այդ փաստերը հաշվի առնելով՝ արդեն 5 ամիս է մեր թիմը մշակում է մանկական խաղեր»,- ասաց Հայկը:
Նա հայտնեց, որ խաղերի հումորային ու զվարճանքի բաղադրիչն ինքն է ապահովում և նկատեց, որ մտահղացումը գործնական հիմքերի վրա դրվում է համապատասխան մասնագետների օգնությամբ, որոնք կամավոր սկզբունքներով աջակցում են խաղերի ստեղծմանը: Խաղերի վրա աշխատել են հոգեբաններ, մանկական լոգոպեդ, տարրական դասարանների ուսուցիչներ, ուսանողներ, դիզայներներ: Ի դեպ, խաղերի դիզայնի հարցում հաշվի է առնվել նաև փոքրիկների նախապատվությունը: Հայկն ընդգծեց, որ խաղերը շուկա դուրս բերելուց առաջ, փորձարկում են երեխաների և նրանց ծնողների շրջանում:
Առաջին նոր խաղը կոչվում է «Փոքրատառ»: Այն նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղի միջոցով երեխաները սովորում են հայոց այբուբենը, զանազանում պատկերները և դրանց անվանումները։ Խաղը ներառում է 18 խորանարդ, 150 խաղաքարտ, ավազի ժամացույց ու կանոնների գրքույկ։ Այն միաժամանակ 5 տարբեր խաղեր է առաջարկում, քանի որ կիրառության այլ եղանկաներ ևս ունի:
«Հոգեբանների կողմից գնահատական է տրված, որ այս խաղը զարգացնում է երեխաների հիշողությունն ու երևակայությունը: Ճիշտն ասած, այս խաղը ստեղծելիս փոքր-ինչ ոգևորվել ենք 3/OFF նախագծի խաղերից մեկից, երբ բառն ասում են ու փորձում մեծ խորանարդերով այն կազմել, այս դեպքում ուղղակի շրջում են խաղաքարտերը, փորձում են խորանարդերի օգնությամբ հավաքել այնտեղ թաքնված բառի տառերը»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ tert.am