«Մեր դերասանները մեծ աշխատանք են տարել». Հոկտեմբերի 26-ին կկայանա Նորա Գրիգորյանի «Ազատ զույգ» ներկայացման պրեմիերան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Մեր դերասանները մեծ աշխատանք են տարել». Հոկտեմբերի 26-ին կկայանա Նորա Գրիգորյանի «Ազատ զույգ» ներկայացման պրեմիերան. life.panorama.am

Հոկտեմբերի 26-ին և 27-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա նոր՝ «Ազատ զույգը» ներկայացման պրեմիերան, որի բեմադրող ռեժիսորն է Նորա Գրիգորյանը:

Պրեմիերային ընդառաջ՝ Life.panorama.am-ը զրուցել է Նորա Գրիգրորյանի հետ, ով պատմել է ներկայացման նախապատմության ու դերասանական կազմի ընտրության մասին:

«Այս պիեսի մի հատվածն ինձ ներկայացրել էին ուսանողներս՝ Ալբերտն ու Մանանան, որից հետո մեր կուրսին հրավիրեցին «GITIS-master class» փառատոնին մասնակցելու, և ես էլ որոշեցի պիեսը, իհրակե կրճատ տարբերակով, իրենց հետ բեմադրել: Դե իսկ հիացած կարծիքներից հետո մտածեցի, որ լավ կլիներ մեր թատրոնի բեմում էլ ապրի այս պիեսը, և սկսեցի աշխատանքները»,- պատմեց Նորան:

Ինչպես նա է նշում՝ ներկայացումը նորից ու նորից սիրո մասին է:

«Սա կատակերգություն է, սակայն իր մեջ ունի շատ կյանքային ու դրամատիկ կողմեր: Ըստ սյուժեի՝ տղամարդը համոզում է կնոջը, որպեսզի նրանք դառնան ազատ զույգ, իսկ կինը դժոխքի միջով է անցնում, որպեսզի կարողանա ամուսնուն հետ պահել այդ մտքից, համոզի, որ նրա միտքն ուղղակի սխալ է: Սակայն ի վերջո կինը համաձայնվում է ամուսնու հետ, իսկ երբ իր համար նոր տղամարդ է գտնում, ամուսինը չի հանդուրժում: Ներկայացման գլխավոր հաղորդագրությունն այն է, որ պետք է գնահատել այն մարդկանց, ովքեր մեր կողքին են, քանի որ հաճախ  մտածում ենք, որ նա սիրում է ինձ, հաստատ չի հրաժարվի ինձնից, չի թողնի,  մտածում ենք, թե մեզնից լավը չկա ու մեզ սիրողների նկատմամբ եսասեր ենք լինում՝ կարծելով, թե նա ամեն ինչի կդիմանա: Իսկ երբ մեզ սիրող մարդը թողնում է ամեն ինչ ու հեռանում, այդ ժամանակ նոր զգում ենք նրա արժեքն ու պակասը, հասկանում, որ կորցրինք այն մարդուն, ում սերը չէինք գնահատում, բայց սիրում էինք»,- նշեց Նորան:

Դերասանական կազմի ընտրության մասին խոսելիս՝ Ն. Գրիգորյանը պատմեց.

«Մեր դերակատարներն են Ռիփսիմե Նահապետյանը, Անի Հակոբյանը, Մանվել Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանըա, Հայարփի Զուռնաչյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոդջյանը: Ասեմ, որ ընտրությունս դժվար չէր, սակայն նշեմ նաև, որ մինչ դերասանների ամբողջական հավաքագրումը, մի քանի այլ դերասանների առաջարկել էի, բայց նրանք  ինչ-ինչ պատճառներով չխաղացին, ուստի անմիջապես որոշեցի հենց այս խումբը հավաքել: Երիտասարդ, հետաքրքիր և ազատ ստեղծագործական մտքով դերասանների հետ ինձ միշտ հաճելի է աշխատելը, նրանց մի մասը  նախկին ռուսական կուրսի ուսանողներ են, իսկ այժմ թատրոնի դերասաններ: Ասեմ որ, մեր դերասանները մեծ աշխատանք են տարել: Այս ներկայացման մեջ նկատելի է Ռիփսիմեի յուրովի լինելը, շատերի համար նոր բացահայտում էր Անին, իսկ Սերգեյն ու Մանվելն  ուղղակի աննման են: Ես շատ եմ ուրախանում, երբ միահամուռ աշխատանքի շնորհիվ՝ կարողանում ենք ունենալ նոր փորձ, նոր գույն գտնել դերասանների մեջ, նոր մոտեցումներ ցուցաբերել: Ճիշտ դերաբաշխումը հաջողված գործի կեսն է, և ես կարծում եմ, որ այդ «կեսը» իսկապես հաջող եմ ընտրել»:

Ի դեպ՝ «Ազատ զույգ» ներկայացումը ինտերակտիվ է լինելու, բեմում նստած կլինեն նաև հանդիսատեսից մարդիկ, որոնք իրենց ներգործությունը կունենան ներկայացման մեջ:

life.panorama.am