Գլխի մազաթափությունը շատերի կողմից չափազանց հիվանդագին է ընկալվում և դիտվում է որպես լուրջ կոսմետիկ թերություն: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար ճաղատացումն իսկական ողբերգություն է, և այս խնդրի դեմ պայքարի համար հաճախ օգտագործվում են ոչ ավանդական բժշկության մեթոդները:
Մինչդեռ մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշում է, որ մազաթափության ինքնաբուժումը կարող է բացասական հետևանքներ ունենալ: «Հայաստանում մազաթափությունը հաճախ է դիտվում, սակայն, ցավոք, քչերն են դրան որպես հիվանդություն վերաբերվում, որը մասնագիտական բուժման կարիք ունի»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում մազաթափությունը պայմանավորված է, մասնավորապես, ազգային սնունդի առանձնահատկություններով (այսինքն՝ մեծ քանակությամբ յուղոտ և քաղցր մթերքների գործածմամբ), կլիմայական պայմաններով: Դրանից բացի, իր դերակատարումն ունի նաև տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը:
Մաշկաբանն ընդգծում է, որ մազաթափության դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել և ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ հակառակ դեպքում կկորցնեք թանկարժեք ժամանակը
«Մաշկային հրիվանդությունները հազվադեպ են մեկ պատճառ ունենում: Դեպքերի մեծամասնությունը խնդիրների համալիր է, որոնք միմյնաց վրա են դարսվում»,- նշեց Հովհաննիսյանը: