Երևանում անցկացվեց «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթը, որին մասնակցեցին հետխորհրդային երկրների ու արևելյան Եվրոպայի պրոֆեսիոնալ մոդելները։
Մրցույթում Հայաստանը ներկայացրին Վիկտորյա Մարգարյանը, Թինա Հայրապետյանն ու Եվա Բաղդասարյանը, որը վիցեմիսս ճանաչվեց։ Նա հայ հանդիսատեսին հայտնի է սերիալներում խաղացած դերերով։ Հայ մասնակցից բացի, այդ տիտղոսը նվաճեցին ևս չորս աղջիկ. բոլորը նվերներ ու մրցանակներ ստացան։
Առաջին տեղը զբաղեցրեց ռուսաստանցի մասնակից Դարյա Բարանովան։ Բացի թագից, նա ստացավ նաև գեղեցկության միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, դրամական մրցանակ ու հովանավորների բազում նվերները։
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 25–ից նոյեմբերի 5–ը։ Մրցույթին մասնակցելու համար ընդհանուր առմամբ 10 հազար հայտ էր ներկայացվել, բայց ընտրել էին 16 երկրի 30 գեղեցկուհու։
Նախորդ տարի 21 գեղեցկուհիներից լավագույնը ճանաչվել էր Ռուսաստանը ներկայացնող Յանա Ռուբցովան։ Մրցույթի երկրորդ տեղում էր հայտնվել Յանա Ռուբցովայի հայրենակից Անաստասիա Ռուբանովան, երրորդ գեղեցկուհին հայ մոդել Սրբուհի Ավանեսյանն էր, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել էին Սաբրինա Ասանշոևան (Տաջիկստան) և Եկատերինա Ստրախովան (Ռուսաստան)։