Մեգան Մարքլը կարող է կրկին հայտնվել «Suits» հեռուստասերիալում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը կարող է կրկին հայտնվել «Suits» հեռուստասերիալում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի անդամ դառնալու համար ստիպված է եղել հրաժեշտ տալ դերասանուհու իր կարիերային, որը 37-ամյա Մեգանին հռչակ էր բերել, սակայն նա կարող է նորից ֆիլմում նկարահանվելու հնարավորություն ստանալ, գրում է Daily Star-ը:

Հեռուստադիտողը Մեգան-դերասանուհուն հիշում է հատկապես «Suits» հեռուստասերիալում Ռեյչլ Զեյնի դերով: Վերջերս NBC հեռուստաընկերությունը, որը ցուցադրում է 2011-ից առ այսօր հեռարձակվող հեռուստասերիալը, հայտարարել է հեռուստասերիալի ևս մեկ՝ վերջին եթերաշրջանի թողարկման մասին:

Հեռուստաընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ Մեգան Մարքլը մասնակցի հեռուստասերիալի վերջին եթերաշրջանին: Նրանք հրաշալի հասկանում են, որ նման առաջարկը հակասում է թագավորական ընտանիքի կանոններին, այդ իսկ պատճառով պատրաստ են Սասեքսի դքսուհու՝ երկու րոպեով էկրանին երևալու դիմաց միլիոնավոր ֆունտեր վճարել: «Մենք հերցոգուհուն ընդամենը կես օրով կզբաղեցնենք»,- ասել է NBC-ի ներկայացուցիչը:

Լրատվամիջոցները նաև գրում են, որ հեռուստասերիալի հեղինակները ցանկանում են արքայազն Հարիի կնոջը նկարահանել ծննդաբերությունից առաջ. ըստ սյուժեի՝ նրա հերոսուհին նույնպես հղի կլինի: Իսկ ինչ վերաբերում է դքսուհու վարձատրությանը, այն կուղղվի բարեգործության:

tert.am