Դերասանուհի Էլեն Ասատրյանը, որը վերջերս լսարանին ներկայացավ նաև որպես երգչուհի, շուտով հանդես կգա հեռուստատեսային նոր նախագծում: Ստեղծագործական նորության առաջին մանրամասները դերասանուհին վստահել է Tert.am Life-ին:
Էլենը նկարահանվում է «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում, որը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Նա նշեց, որ նոր աշխատանքային առաջարկն ընդունելիս կարևորել է ինչպես հեռուստաընկերությունը, որով այն հեռարձակվելու է, այնպես էլ իր կերպարի առանձնահատկությունները:
«Հանրային հեռուստաընկերությունում աշխատելն ինձ համար պատիվ է: Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի հետ չէի աշխատել, բայց գործընկերներիցս շատ էի լսել, որ լավ ռեժիսոր է, ուղղակի մի քիչ պահանջկոտ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի աշխատանքը լավ ստացվի. Ես, առհասարակ, կոնֆլիկտային մարդ չեմ ու շատ լավ հարաբերություններ եմ պահում ռեժիսորների ու ամբողջ թիմի հետ»,-ասաց նա:
Դերասանուհու համոզմամբ, նույնիսկ բացասական կերպար մարմանվորելիս կարելի է ինչ-որ կերպ արդարացանել հերոսիդ արարքները, պետք է հասկանալ նրա դրդապատճառները: Նա նկատեց, որ նոր կերպարը նախորդ դերերի հետ որևէ ընդհանուր գիծ չունի, ինչն իր համար բավականին հետաքրքիր է:
«Ես կարծում եմ, որ հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող մարդու կերպար կերտելը շատ հետաքրքիր է, որովհետև իրական կյանքում ես հնարավորություն չունեմ ինչ-որ հանցանքներ գործելու, չեմ էլ ուզում:) Առհասարակ, սիրում եմ ինտրիգային կերպարներ, դրական դերերից հաճույք չեմ ստանում։ Գուցե գա ժամանակ, երբ ուզեմ ինչ-որ դրական կերպար կերտել, բայց ինձ գրավեց այս առաջարկը, որովհետև ես սիրում եմ ինտրիգների էպիկենտրոնում լինել, այս կերպարն ինձ ավելի համապատասխան է»,- նշեց Էլենը:
Ամբողջությամբ՝ life.tert.am