Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին ստացվեց. Մամիկոն Սիմոնյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին ստացվեց. Մամիկոն Սիմոնյան. life.panorama.am

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի աշխատակազմում վերջին օրերին մեծ փոփոխություններ են իրականացվում: Նախկին աշխատակիցներից շատերն այլեւս այստեղ չեն աշխատի: Նրանց թվում է նաեւ հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը, ով առաջիններից էր, որ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ այլեւս Առաջին ալիքի լուրերի մեկնաբանի աթոռից հեռուստադիտողին չի ներկայանալու: Իսկ պատճառների եւ առաջիկա անելիքների մասին Մամիկոնը պատմել է Life.panorama.am-ին:

– Մամիկոն, Առաջին ալիքի լուրերի մեկնաբանի աշխատանքից ձեր անսպասելի հեռանալը շատ անպատասխան հարցեր ատաջացրեց։ Ի վերջո՝ տվեք դրանց պատասխանը՝ ինչո՞ւ հեռացաք, կամ գուցե հեռացրի՞ն:

– Լուրերից հեռանալը կապված է այնտեղ տեղի ունեցող վերջին փոփոխություններով։ Նոր ղեկավարի պահանջով՝ այսուհետև մեկնաբանները նաև լրագրող պետք է լինեն, ինչի հետ մասամբ համաձայն եմ և կարծում եմ, որ դա եթերի որակն էլ ավելի կբարձրացնի։ Քանի որ լրագրությունն իմ ուժեղ կողմը չէ, համարեցի, որ այս շրջանում լուրերում իմ միսսիան ավարտված է։ Քանի որ լուրերում իմ առաջին փորձը 14 տարի առաջ է եղել, թույլ եմ տալիս հուսալ, որ գուցե ևս մի 14 տարի հետո կվերադառնամ, կամ գուցե ավելի շուտ, ոչինչ չի բացառվում։

– Սովորաբար նման դեպքերում մարդիկ առաջինը մտածում են՝ հաստատ կոնֆլիկտ է եղել, ու դրանից հետո սկսում են երևակական պատճառներ գտնել։ Իրականում անհաշտություն եղե՞լ է ձեր ու հեռուստաընկերության ղեկավարության, կամ որևէ աշխատակցի հետ։

– Երբեք կոնֆլիկտ չեմ փնտրում ոչ մեկի հետ, եթե նույնիսկ դրա առիթն ու պատճառը կա։ Համարում եմ, որ դա ավելորդ ժամանակի և էներգիայի կորուստ է։ Ղեկավարության հետ հարաբերությունները դրական են և աշխատանքային։ Կոլեգաներիս մեծ մասի հետ շփումներն էլ վաղուց աշխատանքայինից վերածվել են ընկերականի, ինչի համար շատ ուրախ եմ։

– Մամիկոն, իհարկե, դուք հասո ւն ու ադեկվատ մարդ եք, բայց այնուամենայնիվ, հեռանալն ու հրաժարվելը այս աշխատանքից, հոգեբանորեն դժվար չէ՞ր:

– Եթե անկեղծ լինեմ, լուրերն ինձ հետաքրքիր էին միայն սկզբում, երբ ամեն ինչ նոր էր ու անծանոթ։ Հետո պրոցեսները դարձան սովորական, կրկնվող ու հասկացա, որ սկսում եմ ձանձրանալ։ Հավանաբար պատճառը նաև լրագող չլինելն է։ Քաղաքականության հանդեպ իմ խիստ չեզոքությունն ու լրատվական դաշտում ամբիցիաների պակասն էլ իրենց գործն արեցին։ Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին ստացվեց, ես ու լուրերն իրար հասկացանք ու հեշտությամբ հրաժեշտ տվեցինք։ Ավելի դժվար էր համակերպվել լուրերի սահմանափակումների հետ՝ միջոցառումներ վարելու, այլ նախագծերում երևալու, սոց ցանցերում ազատ լինելու։

– Երբ գրառում կատարեցիք ու ասացիք, որ շուտով հանդիպելու եք հեռուստադիտողի հետ, ակամա հուշեցիք նոր աշխատանքային հրավերի մասին։ Ե՞րբ, ո՞ր հեռուստաընկերությամբ և ի՞նչ ծրագրում ձեզ կտեսնենք:

– Այլ հեռուստաընկերությունից առաջարկ ստացել եմ, բայց հանրայինում իմ աշխատանքը դեռ չի ավարտվել։ Այս պահին ղեկավարության հետ քննարկում ենք այլ նախագծերում իմ մասնակցությունը։ Հույսով եմ՝ շուտով նոր ու հետաքրքիր պրոեկտով կներկայանամ։

life.panorama.am