Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ այս տարվանից պետությունն իր վրա կվերցնի չարորակ ուռուցքների վիրահատության ծախսերը՝ ավելացնելով, որ մտադիր են նաև անվճար դարձնել ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան։
«Հետք»-ն ուսումնասիրել է չարորակ նոյագոյացությունների ցուցանիշներն Ալավերդիում և պարզել, որ 2011-2017թթ․ տվյալներով (2018թ․ տվյալները դեռևս չեն հրապարակվել)՝ դրանց թիվը 1,3 անգամ աճել է։
Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն։ Հիվանդների կեսից ավելին կանայք են։
Տարեկան միջինը 110 հոգու մոտ կյանքում առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվում։ Դրանց մեջ ամենատարածվածներից են կրծքագեղձի, շնչափողի, բրոնխի, թոքի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները։
Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգ Հարություն Միքայելյանն ասում է, որ տարիներ առաջ իրենց բժշկական կենտրոնը չուներ բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ նույնիսկ նորագոյացությունները լիարժեք ախտորոշելու համար։
«Առաջ չունեինք մամոգրաֆիա, նորմալ ռենտգեն ապարատ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիայի ապարատ չունեինք, սա գիտե՞ք ինչ է։ Օրինակ, մարդու ստամոքսը ցավում էր, չգտեին՝ խոց է, թե ինչ»,- պատմում է Հ․ Միքայելյանը։ Նա ասում է, որ վերջին 10 տարին է, ինչ ունեն սոնոգրաֆիայի սարք և 1 տարի է՝ մամոգրաֆիայի։
«Համակարգչային տոմոգրաֆիան շատ թանկ հաճույք է, իհարկե, բայց որ Վանաձորում էլ լինի, մեզ հերիք է»,- ասում է օնկոլոգը՝ նշելով, որ քիմիաթերապիայի համար գնում են Վանաձոր, իսկ վիրահատությունների դեպքում` ուղղորդում են Երևան։
Ըստ նրա՝ Ալավերդու բնակիչներն ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը․ հայ ազգին բնորոշ չէ դիմել բժշկի մինչև «դանակը ոսկորին չհասնի»։
2011-2017թթ ընթացքում Ալավերդիում գրանցված չարորակ նոյագոյացությունների կեսից ավելին՝ 52․95 %, գրանցվել է կանանց մոտ։ Դրանց մեջ գերակշռում է հատկապես կրծքագեղձի քաղցկեղը, որն Ալավերդիում ամենաշատ հանդիպող չարորակ նորագոյացությունների ցանկում երկրորդն է՝ 15․95 %:
Հարություն Միքայելյանն ասում է, որ կրծքագեղձի քաղցկեղի աճի տենդենց կա ամբողջ Հայաստանում, ոչ միայն Ալավերդիում։
Նա ևս փաստում է, որ իր հիվանդների մեջ շատ են կանայք՝ 40-50 տարեկան։
«Հայ կինը մնում է հայ կին․ ասում է՝ ամուսինս պետք է գա, Ռուսաստան է, և բուժում չի անցնում, մինչև ամուսինը չգա»,- նշում է բժիշկը։
Ամենատարածված չարորակ նորագոյացություններից երրորդը շնչափողի, բրոնխի, թոքի քաղցկեղն է՝ 15․2 %: Հ․ Միքայելյանն ասում է, որ լավ կլիներ պետությունը գումար հատկացներ, որ Ալավերդիում տարին գոնե մեկ անգամ մարդիկ թոքերը նկարեին։
Ամբողջությամբ՝ hetq.am