Ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունից հետո գազով ըմպելիքներ խմելը երիկամների համար վտանգավոր է։ Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել Բուֆալոյի համալսարանի գիտնականները։
Մարզումներից հետո գազով ըմպելիք խմելը շատերին հաճելի եւ թարմացնող է թվում։ Բայց դա, ըստ գիտնականների, շատ վատ գաղափար է։ Նրանք պարզել են, որ եթե մարզումներից հետո գազով ըմպելիք են խմում, դա էապես բարձրացնում է երիկամների սուր վնասվածքների հավանականությունը։
Բանն այն է, որ մարզումների ընթացքում արյան հոսքը դեպի երիկամներ դանդաղում է, դա օրգանիզմի բնականոն արձագանքն է մարմնի տաքանալուն, որը վնասակար չէ։ Սակայն, նշում են հետազոտողները, գազով ըմպելիքը կարող է վնասել երիկամները արյան հոսքի կտրուկ անկման եւ հյուսվածքների՝ թթվածնով մատակարարման նվազման պատճառով։ Բացի այդ, քաղցր ըմպելիքները ջրազրկում են օրգանիզմը, որն առանց այդ էլ տեղի է ունենում ֆիզիկական մարզումների ժամանակ։
Գիտնականների փորձարկումների ժամանակ մասնակիցները կատարել են գործողություններ, որոնք հիշեցրել են գյուղատնտեսական աշխատանքը 35C ջերմաստիճանի պայմաններում։ Ընդմիջումներին նրանց տալիս էին ջուր եւ գազային ըմպելիք։ Մարդկանց 75%-ի մոտ, ովքեր գազային ըմպելիք էին օգտագործել, նկատվել է գնդային ֆիլտրման ցածր արագություն, ինչը երիկամների վնասվելու նշան է։
Գիտնականները հիշեցնում են, որ ինտենսիվ ֆիզիկական մարզումներից հետո միայն ջուրը կարող է լրացնել օրգանիզմում խոնավության պակասը՝ չհանգեցնելով երիկամների սուր վնասվածքի հետ կապված բիոմարկերներ առաջացման։