Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Women’s Club նախագծում հանդես գալու ընթացքում փոխել է զգեստապահարանը, ավելին՝ նախագծի շրջանակում իր ամենամեծ ձեռքբերումն Անահիտը համարում է ոճափոխությունն ու կերպարային բացահայտումը, որը եղել է ոչ միայն հեռուստադիտողի, այլև իր համար։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ոճափոխության, Women’s Club-ում մեծ մասամբ միայն բացմանը հանդես գալու և իր բնավորությամբ շոու բիզնեսում «յոլլա» գնալու մասին։
«Այն ամենը, ինչը կապ ունի շոու բիզնեսի հետ, իմ էության հետ որևէ կապ չունի։ Ինձ շոու բիզնեսի հետ կապում են միայն արվեստն ու իմ սերը դեպի դերասանական արվեստը։ Շատ են հարցնում, թե ես իմ տեսակով, մտածելակերպով ինչպես եմ մնում այս բնագավառում։ Իրականում, ինքս էլ եմ մեկ-մեկ զարմանում՝ ինչպես եմ նման բնավորությամբ շոու բիզնեսում մնացել արդեն 11 տարի։ Ինձ գրավում է մասնագիտությունը, բայց այն, ինչ կապված է մասնագիտությունց բխող «շոու»–ների հետ, իմ բնավորության հետ որևէ կապ չունի։ Անգամ Ինստագրամից եմ վերջերս սկսել օգտվել, քանի որ Women’s Club-ում ինձ ասացին, որ անպայման է էջ ունենալ։ Հետևորդներիս քանակից, կարելի է ասել, որ բավականին հետաքրքիր եմ»,- ծիծաղելով ասաց դերասանուհին ու հավելեց՝ ինքը շոուբիզնհեսում և՛ կա, և՛ չկա։ Ըստ դերասանուհու` դա էլ իր առանձնահատկությունն է։ Անահիտը վստահ է՝ հետաքրքիր չի լինի, եթե բոլորն իրար նման լինեն կամ ձգտեն մեկը մյուսին նմանակել։
Դերասանուհին զարմանում է, թե ինչպես են իրեն արտաքին փոփոխություններ, պլաստիկ միջամտություններ վերագրում ու նկատում, որ փոփոխություններ կարելի է անել դիմահարդարման արդյունքում։ «Մարդիկ հարցնում են` քիթս ո՞ւմ մոտ եմ վիրահատել, շրթունքներիս հետ ինչ եմ արել կամ մազերս ինչ գույն եմ ներկում, իսկ ես, անգամ, մազերս երբեք չեմ ներկել, ուր մնաց արտաքին պլաստիկ կամ վիրահատական փոփոխություններ անեմ»,- ասաց Անահիտն ընդգծելով՝ ինքը բնական գեղեցկության կողմնակից է։
Դերասանուհու խոսքով` արտաքին յուրաքանչյուր փոփոխություն կապված է մարդու ներաշխարհի ներդաշնակության հետ։ «Ինքս իմ ներքինի հետ ներդաշնակ եմ, հետևաբար արտաքին փոփոխությունների կարիք չունեմ։ Ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ, բայց չեմ դատում այն մարդկանց, որոնք որոշում են փոփոխություն անել, որովհետև դա իրենց ներդաշնակության խնդիր է։ Իմ կողքին կան համարձակ մարդիկ, հաճախ եմ օրինակ բերում Լիլի Մարտոյին` ասելով «բրավո» իր համարձակության համար»,- ասաց Անահիտը։
Դերասանուհին անդրադարձավ նաև Women’s Club-ում իր կերպարին` նշելով, որ այս ժամանակահատվածում կարողացել է մշակել կերպարը։ «Ակումբում ունենք վառ, առանձնացող կերպարներ, ավելի ազատ ու համարձակ կերպարներ, ըստ իս, այս ամենի կողքին պետք է լիներ հակակշիռ։ Ո՞վ, եթե ոչ ես, պետք է ապահովեի այդ հակադրությունը, որովհետև ես իրական կյանքում էլ ընտանիքատեր կին եմ։ Women’s Club-ում ինձ համարձակ աղջիկների հակակշիռն եմ համարում։ Բավականին երկար ժամանակ է, ինչ նախագիծը եթերում է և արդեն հնարավոր է խոսել կերպարը կերտելու ընթացքի մասին, օրինակ, սկզբում բեմում ես ինձ չէի զգում, չգիտեի` ինչ դերակատարում ունեմ այդտեղ, շփոթված էի։ Հիմա զգում եմ, որ իմ կերպարով Women’s Club-ում ունեմ իմ տեղը»,- ասաց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am