«Storaket Architectural Studio»-ն ներկայացնում է Մաշտոցի գետնանցումի նախագիծը:
«Ծանոթ չթվա՞ց: Մաշտոցի գետնանցումն է` մեր մանկության ամենասիրելի ճանապարհներից մեկը, որտեղից դուրս գալով սկսվում էին մեր խենթ ու խելառ արկածները:
Արամի, Բյուզանդի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ» կամ «պետքարան»: Մեզ անհանգստացնում էր գետնանցումի նման կիրառությունը և կային մի շարք խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնահերթ էր.
– Գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան և թե՛ գիշերային ժամերին
– Զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում graffiti արվեստը
– հոգալ մշտական խնդրի՝ «պետքարանի» հարցը
– ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր:
Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը:
Իսկ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծեցինք ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝ լուծելով մեր քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:
Կարծում ենք՝ գրաֆիտիներով հայտնի այս անցումը պետք է պահել հենց այդպիսին: Անցումում նախատեսում ենք ունենալ գրաֆիտիների համար նախատեսված պատ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է թարմացնել՝ այս կերպ զարկ տալով քաղաքային մշակույթի զարգացմանը»: