Օրենբուրգում ավարտվեց «Արևելք&Արևմուտք. դասական և ավանգարդ» XII միջազգային կինոփառատոնը։ Անվանելով լավագույն ֆիլմերը, ժյուրին կինոֆորումի գլխավոր իրադարձություն է ճանաչել ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմը Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի մասնակցությամբ։ Ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի գլխավոր «Միահյուսված զուգահեռներ» անվանակարգում։
Փառատոնի ժյուրին ստիպված է եղել մրցույթին ներկայացված 65 աշխատանքներից ընտրել լավագույններին։ Տեղացի քննադատների խոսքով` «Լորիկի» առաջին իսկ կադրերից հասկանալի է դառնում, որ դա իրական կինոարվեստ է։
«Լավ մտածված սցենար է, հաջող ռեժիսորական լուծումներ են, իսկ ամենակարևորը` նուրբ դերասանական խաղ է։ Դա իսկական փառատոնային ֆիլմ է։ Լուրջ ֆիլմ է, որը արժանի է զանգվածային հանդիսատեսի, քանի որ դա որակյալ նախագիծ է», – նշում է լրագրող Ելենա Անիֆատևան։
Փառատոնին ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինն ու պրոդյուսեր Մարտին Մինասյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Միքայել Պողոսյանը և կատարողական պրոդյուսեր Անի Ոսկանյանը չեն կարողացել ներկա գտնվել փառատոնին, ինչպես և ֆիլմի գլխավոր դերակատարներ Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։
«Լորիկ» ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում անցած ամառ։