Ստուգեք ձեր սմարթֆոնը, այն կարող է «ադրբեջանական» լինել ու ծառայել ոչ միայն ձեզ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ստուգեք ձեր սմարթֆոնը, այն կարող է «ադրբեջանական» լինել ու ծառայել ոչ միայն ձեզ. armeniasputnik.am

Արդիական տեխնոլոգիաներով հագեցած շարժական հեռախոսը, ինչ խոսք, նաև հեռախոս է, բայց հիմա արդեն ավելի շատ մինի-համակարգիչ՝ իր ամեն ինչով: Դե, իսկ հիմա պատկերացրեք, որ սմարթֆոնը, որ ձեզանից անբաժան է, ձեր մասին ինչ տեղեկություն ասես՝ փոխանցում է ինչ-որ կենտրոնի`ըստ իր մեջ դրված ծրագրի: Կարճ ասած՝ «շպիոն» է:

Հայկական շուկայում, այսպես ասած, «ադրբեջանական» սմարթֆոնները, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել հարևան երկրում վաճառքի և շահագործման համար, հայտնաբերվել են պատահաբար, երբ ցանկացել են հաճախորդներին ցուցադրել եվրոպական երկրների համար արտադրված սմարթֆոնի ու անվանապես լրիվ նույն մոդելի` ասիական երկրների համար նախատեսված սմարթֆոնի տարբերությունները։ «Նոութ.ամ» ընկերության հիմնադիր Ներսես Ավդալյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Համեմատում էինք եվրոպական երկրի համար նախատեսված սմարթֆոնը, մեր մտածելով՝ Ուզբեկստանից բերած տարբերակի հետ, որ այստեղի շուկայից էինք ձեռք բերել համեմատելու համար: Արագագործությունն էինք ստուգում և տեսանք, որ երկրորդն ավելի դանդաղ է անում, մի քիչ էլ հետազոտեցինք, պարզվեց` Ադրբեջանի համար է արտադրված»,- նշեց Ավդալյանը:

Նրա խոսքով` «ադրբեջանական» մոդելի դանդաղ աշխատելու պատճառը, շատ հնարավոր է, սմարթֆոնի մեջ ներբեռնված վիրուսային ծրագրի հետևանք լինի: Ծրագիր, որը, ենթադրաբար, սմարթֆոնն օգտագործողին վերաբերող տեղեկություններն է հաղորդում ինչ-որ մեկին կամ ինչ-որ կենտրոնի: Այդ թվում` էլեկտրոնային փոստի, բանկային քարտի վերաբերյալ տեղեկություններ:

Երբ կարճ ժամանակ անց ևս մեկ նման «ադրբեջանական» ու արդեն այլ ընկերության արտադրած սմարթֆոն են հայտնաբերել, Ավդալյանն ու նրա համախոհ-գործընկերները կռահել են, որ խնդիրը շատ ավելի լուրջ է:

«Մենք ունենք լուրջ մտավախություն, որ Ադրբեջանում ինչ-որ կազմակերպություն փորձում է սմարթֆոնների անդրկովկասյան ամբողջ շուկան իրենով անել»,- նշեց նա ու նկատեց, որ եթե այդպես է, ուրեմն մի կողմից, ադրբեջանական ինչ-ինչ ընկերություններ այդպիսով ֆինանսական միջոցներ են կլանում Հայաստանից, մյուս կողմից, ստանում են Հայաստանից ամենատարաբնույթ տեղեկություններ կուտակելու տեխնիկական հնարավորություն:

Ավդալյանը բոլորին հորդորում է իրենց սմարթֆոնների IMEI-ով ստուգել սերտիֆիկացման տարածաշրջանը:

«Ռիսկեր կան, որոնք պետք է ի սկզբանե բացառել: Պետք չէ հայավարի մտածել, թե այս աշխարհում ում հետ ասես և ինչ կարող է կատարվել, բացի ինձանից»,-զգուշացնում է Ներսես Ավդալյանը:

Նման սմարթֆոնները, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի շուկայում հայտնվել են ու կարող են հայտնվել հիմնականում Վրաստանի տարածքով՝ մաքսանենգ ճանապարհով կամ մասնագիտական առումով թույլ վերահսկողության հետևանքով, կամ փոստային ծանրոցների առաքման եղանակով: Փոստային ծանրոցով ստացվող ապրանքի, տվյալ դեպքում՝ սմարթֆոնի վտանգավորությունը՝ վերը նշված առումով, ըստ էության, չի ստուգվում: Եվ դա լուրջ խնդիր է:

Ըստ որում, այնպիսի խնդիր, որ ուղղակիորեն վերաբերում է ազգային անվտանգությանը, առավել ևս, եթե նկատի առնենք զրուցակցի այն դիտարկումը, որ հայտնի չէ, թե Հայաստանում մինչ օրս որքան «ադրբեջանական» սմարթֆոն է իրացվել, խոսքը մի քանի հարյուրի՞ մասին է, մի քանի հազարի՞, թե ավելի մեծ քանակի:

armeniasputnik.am