Սոլովեցկու ճամբարների պատմությունը երկար չէ, բայց մռայլ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ դրանք փակեցին, իսկ կալանավորներին այլ ճամբարներ տեղափոխեցին, բայց ոչ բոլորը տեղ հասան։ Ավելի քան 7 հազար մարդ գնդակահարվեց Սանդարմոխում։
Եթե ինչ–որ մեկը չգիտի հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարի (СЛОН) մասին, գուցե, պետք էլ չէ, երջանիկ անտեղյակության մեջ ավելի հանգիստ է ապրելը։ Ճամբարների պատմությունն ավելի լավ և ամբողջական կպատմեն դրանց մասին իմացողներն ու ուսումնասիրողները, մարդիկ, որոնք խորացել են այդ թեմայի մեջ, որոնք տիրապետում են սպառիչ տեղեկության և փաստաթղթեր ունեն այնտեղ մնացածների անուններով և նրանց, ովքեր, այնուամենայնիվ, հետագայում վերադարձան մայր հայրենիք։
1937 – 1939 թվականներին ճամբարը փակում էին. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բանտարկյալներին այլ ճամբարներ էին տեղափոխում։ Սակայն, տեղ հասան ոչ բոլորը` Սոլովկիից առաջին խմբաքանակը` 1111 մարդ, գնդակահարվեց Սանդարմոխում` Կարելիայի Մեդվեժյեգորսկ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։
Պետերբուրգյան լրագրող Սվետլանա Կուլչիցկայան Sputnik Արմենիային պատմեց, որ Սանդարմոխում բազմաթիվ գնդակահարման փոսեր են հայտնաբերվել։ Նրա խոսքով` անտառը լավ իմացող մարդուն եղբայրական գերեզմանոցները գտնելը դժվար չէ։ Սոլովեցկու ամենաառաջին, ինչպես նաև հետագա փուլերի գնդակահարվածների ցուցակները հայտնաբերվել են 1995 թվականին։ Սանդարմոխում, ընդհանուր առմամբ, 58 ազգության շուրջ 7 հազար մարդ է գնդակահարվել։
Սոլովեցկում, գնդակահարության դատավճիռներն հազվադեպ ի կատար չէին ածվում. մարդիկ մահանում էին, այսպես ասած, բանտարկություն ընթացքում։ Գնդակահարության համար հատուկ վայրեր գոյություն ունեին, որոնցից մեկը դարձավ անմեղ հյուսիսային բնակավայրը` Սանդարմոխը, որտեղ ավելի քան 230 ընդհանուր գերեզմանոց է հայտնաբերվել։
Սակայն խոսքն այժմ ոչ թե ճամբարների այլ դրանց, առօրյայի մասին է, եթե կարելի է այդպես ասել։ Սվետլանա Կուլչիցկայան նշում է, որ եթե Սոլովկիներում ճամբարներում եղած հայերի հիշատակը հավերժացնող հուշարձան կա, ապա Սանդարմոխում ոչինչ, նույնիսկ սովորական ցուցատախտակ չկա` ի հիշատակ այստեղ մնացած մեր հայրենակիցների։
Հանուն արդարության պետք է նշել, որ մի շարք պատմաբանների ու գիտնականների կարծիքով` 1941-1944 թվականներին Սանդարմոխում ֆիննական օկուպացիոն զորքերը գնդակահարեցին խորհրդային ռազմագերիներին։ Սակայն դա ամեն դեպքում առանձին պատմություն է, և հայտնի փաստաթղթերում` գնդակահարվածների ցուցակներում, կան ՆԿՎԴ–ի (ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ձեռքով մահապատժի ենթարկվածների անունները։
Սանդարմոխում գնդակահարված հայ տղամարդկանց ցանկը Կուլչիցկայան փոխանցել է Sputnik Արմենիայի խմբագրությանը։ Կա նաև առանձին կանանց ցուցակ, սակայն կանանց Սանդարմոխում չէին գնդակահարում, նրանց այլ ճամբարներ էին ուղարկում։ Նրանց ճակատագրերը մեծամասամբ անհայտ են, գուցե բարեկամներից որևէ մեկն արձագանքի։
Մենք պետք է ինչ–որ կերպ ցույց տանք, որ հիշում ենք նրանց։